Անտեսելով Ռուսաստանի մարդու իրավունքների խորհրդի քննադատությունը, նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Պետական դումայի և Դաշնության խորհրդի ընդունած օրենքը, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրը կնշվի սեպտեմբերի 3-ին: Աշխարհի պետությունների մեծ մասը ժամանակին սեպտեմբերի 2-ն է հռչակել Երկրորդ աշխարհամարտի ավարտի օր: Ռուսաստանը որոշել է այդ օրվա համար ընտրել սեպտեմբերի 3-ը, քանի որ 1945-ին այդ օրը «Խորհրդային Միության բանակը պարտության է մատնել Ճապոնիային և վճռական ներդրում է ապահովել Երկրորդ աշխարհամարտն ավարտելու գործում»: ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների պաշտպանության խորհուրդը «սխալ» է որակել այդ որոշումը: Ճապոնիան և Ռուսաստանը պատերազմի ավարտից հետո տակավին չեն կնքել խաղաղ դաշինք, քանի որ առայսօր չի կարգավորվել Կուրիլյան կղզիների շուրջ վեճը: Խորհրդային բանակը Կուրիլյան կղզիները գրավել է պատերազմի ավարտի օրերին: Ճապոնիան այդ կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածք»: