Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն իր դժգոհությունն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, թեև կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում փակ էին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ճանապարհները, իշխանության ներկայացուցիչները կարողացան տեղում իրենց հարգանքի տուրքը մատուցել՝ այդ հնարավորությունը չտալով իրենց։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ընտրովի բաց էր։ «Այս իշխանությանը շատ հարցերում չեմ հասկանում։ Այսօրվա իրադարձություններն առավել քան ապշեցուցիչ են։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պարզվում է փակ չէր, այլ՝ ընտրովի բաց․խորհրդարանական երկրում խորհրդարանական ընդդիմության համար էր փակ։ Անկեղծորեն չգիտեմ՝ ինչ ասել»,- գրել է Գրիգորյանը։
ԼՀԿ անդամները Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ «Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում» տեսաուղերձ էին հրապարակել և ծաղիկներ խոնարհել Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու եղեռնի զոհերի հուշարձանին։
ԲՀԿխմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված որոշում էր կայացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները: Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և 1915-ի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ինչպես հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները: Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ կլիպ նկարահանելու թույլտվությանը զուգահեռ թերևս կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով...»,- գրել է Տոնոյանը։ ԲՀԿ ներկայացուցիչները ծաղկեպսակ խոնարհեցին Նուբարաշենի եկեղեցու բակում տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի դիմաց։ ՀՅԴ Բյուրոյի և Հայաստանի Գերագույն մարմնի անդամները ծաղկեպսակ դրեցին Կոմիտասի անվան պանթեոնում Կոմիտասի շիրիմին և, ի դեմս նրա, խոնարհվեցին Մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակի առջև:
Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ քաղաքական կուսակցություններին այսօր պետք է հնարավորություն տային ծաղկեպսակ տեղադրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. «Մենք այսօր այստեղ ենք, քանի որ այդ հնարավորությունից զրկված են քաղաքական կուսակցությունները, և միայն պետական պատվիրակություններին է այդ հնարավորությունը ընձեռվել։ Մենք գտնում ենք, որ արտակարգ դրության կարգը պահելով այսօր պետք էր քաղաքական կուսակցություններին այդ հնարավորությունը տրվեր։ Մենք ունեինք միջոցառումների ծրագիր։ Նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ավանդական «Ջահերով երթի» խորհուրդը պահելու իմաստով ուներ փոքր ծրագիր, դժբախտաբար պարետատնից արձագանքներ չեն եղել, փորձել ենք կապնվել, սակայն այդ հնարավորությունը չի եղել»։ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն էլ ֆեյսբուքում գրել է. «Ծնողներս պատմում են, որ Սովետի թվին, երբ դեռ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կառուցված չէր, Մեծ Եղեռնի օրն էլ դեռ չէր նշվում, ազգիս ազգայնական հատվածը, մտավորականությունն ու ըմբոստ ուսանողներն ապրիլի 24-ին այցելում էին Ազգային պանթեոն ու ծաղիկ դնում Կոմիտասի շիրիմին: Այսօր մենք էլ այցելեցինք Պանթեոն: Իսկ ինչ վերաբերվում է Ծիծեռնակաբերդին..... Իշխանությունները պետք է վեր լինեն նեղ կուսակցական կապանքներից: Այսօր Հայոց Ցեղասպանության ոգեկոչման ու ազգային պահանջատրության օրը, ինչպես երբեք, կարևոր է ըմբռնել ազգային միասնության ու հանրային համերաշխության կարևորությունը: Միթե՞ դժվար էր համազգային կառույցների ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների գոնե 1-2 ներկայացուցչի արտոնել բարձրանալ հուշահամալիր»։
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը գրել է, «Չգիտես ինչու՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, բացի իշխանական պատվիրակություններից, մյուս քաղաքական ուժերին (խորհրդարանական և ոչխորհրդարանական կուսակցություններին) արգելվեց այցելել և իրենց հարգանքի տուրքը մատուցել գոնե փոքրիկ՝ 3-5 հոգանոց պատվիրակություններով։ Հահասկանալի է, որ երեք միլիոն վարչապետերի զանգվածային այցելությունները ճիշտ չէին։ Մտածել, թե իշխանությունները՝ վարչապետի գլխավորությամբ, ինքնազոհաբերման էին գնացել՝ վտանգելով միայն իրենց և հոգևոր դասի ներկայացուցիչների առողջությունը, համոզիչ չէ, քանզի, եթե նման վտանգ լիներ, միայն կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների թույլ կտային։
Մյուս կողմից՝ նման պատվիրակություններ եղան, օրինակ՝ ՀՅԴ-ն, որ այցելեցին Պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելով Կոմիտասի շիրիմին։ ԲՀԿ-ն բավականին մեծ խմբով ծաղկեպսակներ խոնարհեց Նուբարաշենի եկեղեցու բակում տեղադրված Խաչքարին, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին և այլն
Այսինքն՝ պետք է ենթադրել, որ գնալ կարելի էր, բայց ոչ Ծիծեռնակաբերդ։ Հարց՝ ինչու՞․․․»,- գրել է Ալվրցյանը։
Ֆեյսբուքյան իր էջում «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը գրել է, որ պապիկին Ծիծեռնակաբերդ բարձրանալ արգելելը շատերիս է ցավ պատճառել և որ այս դեպքը փայլուն ցուցիչ է, որ շատ դեպքերում մեզանում գերիշխում է «սխալ իրավաբանություն»։
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ընտրյալների այցելության վայր դարձնելն անթույլատրելի է։ «Եթե չի կարելի, ուրեմն չի կարելի բոլորին։ Իրենց սոցիալական և քաղաքական արտոնյալ կարգավիճակն ընդգծող և միլիոնավոր մեր քաղաքացիների նկատմամբ իրենց դոմինանտությունը հաստատող այրերը մեծագույն սխալ գործեցին։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այդ տեղը չէր, իսկ Ապրիլի 24-ը այդ օրը չէր»,- գրել է Ղազինյանը։
Էրդողան. Ես հարգանքով հիշում եմ օսմանյան հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և երկրի հայ համայնքի անդամներին ուղերձում ցավակցություն է հայտնել 1915-ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի ժառանգներին: «Ես հարգանքով հիշում եմ օսմանյան հայերին, որոնք զոհվել են դժվարին պայմաններում Առաջին աշխարհամարտի ժամանակ և որը մեծ տառապանք է բերել աշխարհի ժողովուրդներին, անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին» գրել է Էրդողանը: Նրա խոսքով՝ հայերի և թուրքերի ընդհանուր նպատակն է «ապագայի կառուցումը բարեկամության հիման վրա, որն իր արմատներն անցյալում է գցել»: «Մենք գիտենք այն շրջանակները, որոնք անտեսում են մեր միասնությունը և փորձում են թշնամություն սերմանել պատմական հողի վրա: Մենք ցանկանում ենք ստեղծել միասնությամբ և հանգստությամբ լի ապագա, և մեր գլխավոր ցանկությունը հնարավորություն չտալն է նրանց, ովքեր այլ նպատակներ են հետապնդում»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ: