Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Ցեղասպանությունները չեն վերացել

Զոհրաբ Մնացականյան. Ցեղասպանությունները չեն վերացել
25.04.2020 | 17:52

Մենք պարտավորություն ունենք առաջ տանելու և մեր կողմից մեր ներդրումն ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգում: Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարի ընթացքում ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրում է Aravot.am-ը։


Ներկայացնում ենք հարցազրույցից հատված․
- Պարոն Մնացականյան, Դուք ասացիք, որ Ձեր պապը, տատը Վանից և Բիթլիսից են, և Դուք, ինչ-որ առումով, նաև ցեղասպանություն վերապրածների ժառանգ եք: Ինչպիսի՞ն են Ձեր զգացումները։
-Զգացումները բավական շատ են: Եվ ամենակարևոր զգացումն ինձ համար, առավել ևս երբ մոտենում էր Ցեղասպանության 100-ամյակը, ավելի շատ հաղթողի զգացում էր: Այո, և դա ինձ համար պատգամներից մեկն է այսօր: Իրականում, այս օրվա պատգամները շատ են: Առաջինը, որ 105 տարի անց արդեն ցեղասպանությունը վերապրածների չորրորդ-հինգերորդ սերունդներն են նույն վճռականությամբ պահանջում արդարություն: Մենք բոլորս՝ որպես մեկ միասնական ազգ, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք ճանաչում: Սա արտահայտում է ցեղասպանության այդ ոճրի խորությունը, մի ամբողջ ժողովրդի հասցված վնասի խորությունը, որովհետև ժխտված արդարությունը շարունակում է մնալ բավական խոր վերք և վնաս մի ամբողջ ժողովրդի համար:
Մյուս պատգամն այն է, որ 105 տարի առաջ ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ: Այսօր ինքնավստահ, իր քաղաքակրթությունը, պատմությունը, իր ուժը, իր կարողությունն ի ցույց դնելով աշխարհին, վերապրել ենք մենք ցեղասպանությունը, վերապրել ենք բոլոր այն տեղերում, որտեղ մեր հայրենակիցներն ապրում են, և վերապրել ենք մեզ մոտ, այստեղ՝ մեր հայրենիքում՝ ևս ստեղծելով մեր պետականությունը, վերականգնելով մեր անկախությունը: Երրորդ կարևոր պատգամն է, որ պետականությունը չափազանց կարևոր գործիք է մեր ազգային ինքնությունը պաշտպանելու համար, և պետությունը, պետության հզորությունն ամենակարևոր, հզոր զենքերից մեկն են մեր ձեռքում:
- Պարոն նախարար, ի՞նչ ենք մենք անում ազգային և միջազգային մակարդակով կանխարգելելու համար. սա ամենակարևոր խնդիրն է, որ realpolitik-ի ռեժիմով դրված է մեր առջև:
- Գիտեք, և դա գուցե նույնպես օրվա պատգամներից մեկն է, թե իր դաժանությամբ որքան խոր է ցեղասպանության այդ ոճիրը, այդ հանցագործությունը. Դա գուցե հանցագործություն է, որը շատ հաճախ չի իրագործվում, բայց դրա հետևանքներն այնքան խոր են, որ կանխարգելումը չափազանց կարևոր ազգային և միջազգային օրակարգի հարց է: Եվ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ունենք այդ պարտավորությունը՝ առաջ տանելու այդ օրակարգը՝ որպես պետություն, որպես միջազգային համայնքի անդամ, որպես պետությունների ընտանիքի անդամ, ՄԱԿ-ի անդամ: Մենք պարտավորություն ունենք առաջ տանելու և մեր կողմից մեր ներդրումն ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ: Եվ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը կարևորագույն օրակարգային հարցերից մեկն է, և հետևողական աշխատանքի առարկա է: Մենք արդեն քսաներկու տարի է, ինչ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ ենք տանում ցեղասպանությունների, ոճիրների, զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգը: 1998թ. մեր լուսահոգի բարեկամ և գործընկեր Աշոտ Մելիք-Շահնազարյանն առաջին անգամ նախաձեռնեց, որ ՄԱԿ-ում ընդունվի բանաձև՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային…
- Ողջ աշխարհո՞ւմ..․
-Այո, բանաձև ընդունվեց, որը հիշատակում էր 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիայի հիսունամյակը. այդ պահից է սկսում Հայաստանի դիվանագիտության աշխատանքը՝ խորացնելու, ամրապնդելու կանխարգելման օրակարգը միջազգային օրակարգում: Արդեն 2008թ. մենք բանաձևը վերադասավորում ենք այնպես, որ ուշադրությունը տրվում է կանխարգելման օրակարգին, սկսում ենք խորացնել այդ գաղափարախոսությունը և մեր ներդրումն ունենալ՝ ուժեղացնելու կարողությունները, միջազգային համագործակցության գործիքակազմը, իրավական, գործնական բոլոր այն հնարավոր գործիքակազմը, որն ուղղված է կոնկրետ ցեղասպանությունների կանխարգելմանը: «Այլևս երբեք» կարգախոսը բավական տարածված է, բայց քանի՞ անգամ պետք է ասենք՝ «Այլևս երբեք», որովհետև ցեղասպանությունները չեն վերացվել, ցեղասպանության վտանգը չի վերացվել. այն սկսում է ատելությունից, ատելության խոսքից, մարդու իրավունքների խախտումներից, խտրականությունից, և դրա ծավալումը բերում է ցեղասպանության հանցագործության իրականացմանը: Ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, վաղ շրջանում տեսնել այն միտումները, որոնք եթե չկանխվեն, կարող են արդեն հանգեցնել ոճրագործության: Եվ այդ առումով է, որ մենք շարունակաբար աշխատում ենք միջազգային հանրության մեր բազմաթիվ գործընկերների հետ, լինեն դա պետություններ, փորձագիտական խմբեր, ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմներ, տարբեր մարմիններ, ակադեմիական շրջանակներ. մենք բոլորս միասին համախմբում ենք այդ աշխատանքը՝ ուժեղացնելու կարողությունները: Կանխարգելումը սկսում է ազգային մակարդակից, բայց միջազգային համագործակցությունը չափազանց կարևոր է այդ առումով: Մենք այս տարիների ընթացքում այստեղ՝ Հայաստանում, ստեղծել ենք միջազգային համագործակցության համար հարթակ, որը ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումն է: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը, որը տեղի կունենա դեկտեմբերին: Մենք Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, և մենք նախատեսում ենք մեր նորոգված բանաձևը կրկին ընդունել Մարդու իրավունքների խորհրդում: Շատ շուտով այդ գործընթացը կավարտվի:
-Ցեղասպանության ճանաչումը, որպես կանխարգելման մի մաս, մենք դիտարկում ենք բարոյակա՞ն հարթակում, պատմակա՞ն արդարության հարթակում, զոհերի հիշատակը հարգելու հարթակում, թե՞ նաև որպես անվտանգության երաշխիքի: Այսինքն` քանի չի ճանաչվել, այդ թուրն այնտեղ կախված է:
-Այդ ամենը, միասին վերցրած, իմաստավորում է ճանաչման կարևորությունը, նշանակությունը: 2015թ. Մարդու իրավունքների խորհրդում, այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի կողմից նախաձեռնվեց և Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև, որը հռչակեց դեկտեմբերի 9-ը` Կոնվենցիայի ընդունման օրը, որպես Ցեղասպանությունների զոհերի արժանապատվության և հիշատակի միջազգային օր: Դա շատ կարևոր է, որպեսզի ստեղծվեր ևս մեկ հնարավորություն, ևս մեկ հարթակ՝ անդրադառնալու կանխարգելման օրակարգին: Զոհերի արժանապատվության և հիշատակի օրվա ամրագրումը շատ կարևոր է այն առումով, որովհետև սա վերաբերում է արդարությանը, որովհետև զոհերն արժանապատվություն ունեն, զոհերը մարդկանց հավաքական ինքնության այն հատվածն են, որը բնաջնջված է: Եթե մենք չենք հարգում զոհերին, եթե մենք ժխտում ենք արդարությունը, մենք ուժեղացնում ենք անպատժելիությունը: Անպատժելիությունը նշանակում է, որ նոր ցեղասպանությունը հնարավոր է: Հայոց ցեղասպանության չճանաչումը այդ առումով է, որ հանդիսանում է վտանգ մեզ համար, որովհետև անպատժելիությունը ներառում է ցեղասպանության կրկնման վտանգ:
-Դուք նոր մի հետաքրքիր միտք ասացիք, որ աշխարհում այսօր էլ այդ վտանգը կա։ Շատ կարևոր է այս պարագայում պատմական հիշողությունը դիվերսիֆիկացնել ռեալ քաղաքականությամբ։ Մենք տեսանք Բեռլինի կոնֆերանսը, տեսանք շատ միջազգային երաշխիքներ այն ժամանակ, խոստումներ։ Երբ եկավ X պահը, մենք տեսանք, որ մենակ ենք կանգնած այդ արհավիրքի առջև։ Բոլոր գերտերություններն ունեն իրենց շահերը, այսօր էլ նրանք ունեն իրենց շահերը։ Այդ պատմական հիշողությունից մենք քաղաքական հետևություն, որպես էլի ռեալ քաղաքականության գործիք, արել ենք, թե՞ ոչ։
-Կարծում եմ, որ երբ Դուք անդրադարձաք երաշխիքներին նախանցյալ դարի՝ Բեռլինյան կոնֆերանսին, և երբ Դուք անդրադարձաք այդ երաշխիքներին, հիշենք, որ հայ ժողովուրդն այն ժամանակ պետականություն չուներ. այսօր մենք ունենք պետականություն։ Պետականությունն այսօր չափազանց հզոր գործիք է մեր ձեռքում՝ պաշտպանելու, ամրապնդելու մեր ինքնությունը՝ լինելով ինքնուրույն սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում։ Այդ հզոր գործիքակազմի օգտագործումը պաշտպանության կարևոր գործիք է։ Բայց նորից անդրադառնամ նրան, որ հզոր պետությունը, ուժեղ պետությունը, մեր ներքին հզորությունն էլ ավելի ամրապնդում է մեր կարողությունը՝ պաշտպան լինելու սուվերենությանը՝ որպես պաշտպանություն մեր ազգային ինքնության և մեր անվտանգության։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ, այո՛, միջազգային հարաբերություններում բավական տարբեր գործընթացներ են տեղի ունեցել, տեղի ունենում և տեղի ունենալու, և այդ առումով որպես միջազգային հանրության անդամ, որպես միջազգային պետությունների ընտանիքի անդամ, մեզ համար որպես պետություն, հաշվի առնելով մեր չափերը, համագործակցությունը չափազանց էական նշանակություն ունի։ Դիվանագիտությունը, միջազգային հարաբերություններում ներգրավումը, բազմակողմանիությունը, այս ամենը նույնպես չափազանց էական գործիքներ են մեզ համար՝ ապահովելու, համալրելու մեր անվտանգային կարողությունները։
- Ես ճի՞շտ հասկացա, որ, պետություն ասելով, Դուք նկատի ունեք, որ մենք գիտենք, որ այդ պահերին մենք ենք մեզ փրկելու։ Հզոր պետություն, հզոր բանակ. դրանք են մեր միակ կարևոր երաշխիքները։
- Միանշանակ, հզոր բանակ, հզոր պետություն, հզոր պետական ինստիտուտներ, հզոր քաղաքացիական հասարակություն, հզոր համազգային համախմբվածություն. այս ամենը պետության, մեր համազգային կարողություններն են։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ կարողություններ, բազմաթիվ այլ ազգային ինստիտուտներ՝ մեր պետության շրջանակներում: Չափազանց էական նշանակություն ունեն նաև մեր սփյուռքի կարողություններն ինստիտուցիոնալ առումով, որովհետև մեր սփյուռքը տարբերվում է հենց նրանով, որ դրանք ոչ միայն հավաքական գաղթօջախներ են, այլ ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող գաղթօջախներ են, որոնք է՛լ ավելի ամրապնդում են համախմբվածությունը։ Եվ այս ամենը արվում է մեր ներքին համազգային բանավեճի միջոցով, մեր ներուժը ներդնելու, մեր հավաքական կարողություններն ամրապնդելու միջոցով։ Կարծում եմ՝ սա բոլորիս համար համազգային օրակարգ է։

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ