Գերմանայում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշն աճում է գրեթե ամեն շաբաթ, հաղորդում է Bloomberg-ը։ Ուրբաթ առավոտյան վերջին 1 օրում գրանցվել է հիվանդության 2481 նոր դեպք, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 153 129-ի։ Զոհերի թիվն ավելացել է 260-ով՝ հասնելով 5575-ի, մահացության մակարդակն աճել է 10 տոկոսով՝ կազմելով 3,6 տոկոս: 103 300 մարդ ապաքինվել է հիվանդությունից, ինչն ավելի շատ է, քան ցանկացած այլ երկրում։
Կառավարությունն այս շաբաթ սկսել է չեղարկել տեղաշարժի սահմանափակումները՝ խանութներին թույլ տալով վերաբացվել, որոշ աշակերտների՝ վերադառնալ դպրոց, սակայն կառավարությունը բնակիչներին հորդորում է չկորցնել զգոնությունը։ «Մենք գտնվում ենք ոչ թե համավարակի վերջում, այլ սկզբում։ Եկեք ռիսկի տակ չդնենք այն, ինչին հասել ենք», - հայտարարել է Մերկելը խորհրդարանի ստորին պալատում։ Մերկելը կոչ է արել միավորել ջանքերը Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու հարցում։
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար բոլորը պետք է միավորեն ջանքերը և հավաքեն գրեթե 8 մլրդ եվրո»,- Գերմանիայի կանցլերի խոսքերը մեջբերում է DW-ն։ «Ես դիմում եմ քաղաքական գործիչներին և տնտեսության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել՝ կոչ անելով աջակցել մեզ 8 մլրդ եվրոյի պակասը լրացնելու հարցում», -ընդգծել է Մերկելը։ Կանցլերը գտնում է, որ վիրուսին հաղթել կստացվի, եթե հաջողվի միավորել ջանքերն ու գործունյա դաշինք ստեղծել։