ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Թուրքիայի հետ հարաբերություններում ՀՀ մոտեցումները՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, և այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և փակված սահմանն է, և անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար»,- ասել է Մնացականյանը։
Նա անդրադարձել է Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմի հայտարարությանը, որում նախագահի խոսնակն անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին։ «Այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ»,- նշել է նախարարը։