Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախաձեռնել է նոր կորոնավիրուսի դեմ գլոբալ համակարգված ծրագիր, որի նպատակն է արագացնել COVID-19 հիվանդության բուժման գործընթացները: Խոսքը պատվաստանյութ գտնելու, մեկանգամյա թեստերի փաթեթներ, տեխնոլոգիական այլ սարքավորումներ ստեղծելու և արտադրելու մասին է: ԱՀԿ-ի երեկվա օնլայն խորհրդակցության ժամանակ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ ԱՀԿ-ի համար պատիվ է կորոնավիրուսի դեմ պայքարում ստանձնած նոր առաքելությունը:
Ծրագրի վերնագիրն է Access to COVID-19 Tools Accelerator, հապավումով՝ ACT Accelerator, ստացվում է «Գործողության խթան»: Հենց այդ անունը, կարծես, ինքնին մի լրացուցիչ դինամիկա է հաղորդում նախաձեռնությանը: Գեբրեյեսուսն ասել է, որ առանցքը կլինի հետազոտությունների ու պայքարի մեթոդների զարգացումը:
ՄԱԿ-ի համակարգում գործող ԱՀԿ-ն հունվարից աշխատում է ամբողջ աշխարհի գիտական կենտրոնների, պետական և մասնավոր ինստիտուտների հետ:
Նախաձեռնությանը միացել է առողջապահության ոլորտում նորարար մեթոդներ մշակող UNITAID միջազգային հաստատությունը, որը լուրջ գործունեություն է ծավալել թոքախտի, մալարիայի, ՄԻԱՎ-ի, հեպատիտի, պապիլոմա վիրուսների և այլ հիվանդությունների բուժման գործում: Մյուս գործընկերը նույն խնդրով զբաղվող Global Fund-ն է (Համաշխարհային հիմնադրամ): ԱՀԿ-ի նոր նախաձեռնությանը միացել են Welcome Trust անկախ միջազգային բարեգործական հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը:
Երեկ օնլայն հարթակում ծրագրի հիմնադիր խորհրդաժողովին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, պետական և հանրային այլ գործիչներ ու գիտնականներ:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ասել է, որ ծրագրի նվաճումները պետք է հասանելի լինեն աշխարհի բոլոր մարդկանց: «Անցյալի փորձը վկայում է, որ նույնիսկ երբ մեխանիզմները հասանելի էին, այնուամենայնիվ մատչելի չեն եղել հավասարապես բոլորի համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա կրկնվի», - ասել է ԱՀԿ ղեկավարը: