Համավարակով պայմանավորված հայաստանյան տնտեսության անկումը կավարտվի երկրորդ եռամսյակում, և երկրի տնտեսությունը կսկսի վերականգնվել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում՝ տարվա վերջ արագացնելով աճի տեմպը՝ գտնում է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ «Իրավիճակը խիստ անորոշ է, և ճգնաժամն իրապես յուրահատուկ է։ Մենք կանխատեսել ենք, որ 2020-ին Հայաստանում տնտեսական անկումը կկազմի 1,5 տոկոս։ Սա ընդհանուր առմամբ համահունչ է Հայաստանի իշխանությունների կանխատեսման հետ՝ -2 տոկոս։ Տեսնում ենք, որ համավարակը շատ կտրուկ, բայց նաև շատ կարճատև ներգործություն է ունենում Հայաստանի վրա, և կարծում ենք, որ տնտեսական շոկի պիկը ներկայում է՝ երկրորդ եռամսյակում։ Այնուհետև, սպասում ենք տնտեսության մեղմ վերականգնում արդեն այս տարվա երրորդ եռամսյակում ու տնտեսական ակտիվության արագացում չորրորդ եռամսյակում և գալիք տարի։ Նաև հույս ենք տածում, որ տնտեսությանն աջակցելու միջոցները, որ հայտարարել են Հայաստանի իշխանությունները, կօգնեն տնտեսական զարգացումներին։ Սպասում ենք, որ այս տարի Հայաստանը կունենա 1,5 տոկոս տնտեսական անկում, սակայն գալիք տարի տնտեսությունը կաճի 4,8 տոկոսով։ Այս կանխատեսման համար բազմաթիվ ռիսկեր կան, որոնք կարող են նվազեցնել թվերը», - ասաց IMF ներկայացուցիչը։
Ըստ Ուստյուգովայի՝ «Ինչպես ամենուր, համավարակի ավելի ծավալուն ու երկարատև տարածումը, և սահմանափակումների երկարաձգումը կարող են հանգեցնել տնտեսության ավելի խոր անկման, որ կհետաձգի հայաստանյան տնտեսության վերականգնումը։ Ուստի, շատ բան կախված է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և ողջ աշխարհում, որովհետև արտաքին պահանջարկը շատ կարևոր է հայաստանյանի նման փոքր ու բաց տնտեսության համար: Այսինքն, աշխարհում ու տարածաշրջանում համավարակի ձգձգումը կարող է ավելի խոր բացասական ազդեցություն թողնել Հայաստանի տնտեսության վրա և հետաձգել վերականգնումը», - նշեց Յուլյա Ուստյուգովան։
Երկու օր առաջ կառավարության նիստում հայտարարվեց, որ իշխանությունները մտադիր են կես միլիարդ դոլար լրացուցիչ պարտք վերցնել այս տարի՝ համավարակով պայմանավորված տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար։ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանին հատկացնել 280 միլիոն դոլար վարկ։ Յուլյա Ուստյուգովայի հետ այսօրվա զրույցից պարզ դարձավ, որ մինչև 2022-ի մայիս այդ գումարը կարող է հասնել 420 միլիոն դոլարի։
«Հնարավոր է մտաբերեք, որ շուրջ մեկ տարի առաջ՝ 2019-ի մայիսին ԱՄՀ-ի տնօրենների խորհուրդը հավանության արժանացրեց սթենդ-բայ ծրագիրը (stand-by arrangement), որը ձեռք էր բերվել Հայաստանի իշխանությունների հետ՝ երկրին ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով, եթե կարիք լինի։ Անցած տարվա մայիսից շարունակաբար մշտադիտարկել ենք ծրագրի իրականացումը, վերանայել։ Երկու շաբաթ առաջ երկրորդ անգամ վերանայեցինք ծրագիրը, և ԱՄՀ-ի առանձնացրած 280 միլիոն դոլար վարկային միջոցներն այս մայիսի երկրորդ կեսից հասանելի կլինեն Հայաստանին, և երկիրը կարող է այդքան գումար պարտք վերցնել հիմնադրամից։
Այս գումարը բաղկացած է այն միջոցներից, որոնք մինչ օրս կուտակվել են Հայաստանի համար, բացի այդ Հայաստանի իշխանությունները դիմել են հիմնադրամին լրացուցիչ ֆինանսական օժանդակության համար, որը պետք է ծառայի տնտեսության աջակցության ծրագրերին և ուղղվի այս իրավիճակում անհրաժեշտ բժշկական ծախսերի իրականացմանը։ Այսպիսով, մայիսի երկրորդ կեսից 280 միլիոն դոլար հասանելի կլինի Հայաստանի համար։ Ծրագիրը կտևի մինչև 2022-ի մայիս, և այս տարվա մայիսից հետո՝ 280 միլիոն դոլարից զատ, Հայաստանի համար հասանելի կլինի ևս 140 միլիոն դոլար։ 280 միլիոնը կօգտագործվի բյուջետային ուղղակի աջակցության համար, և Հայաստանի կառավարությունը կարող է այս գումարն օգտագործել իր հայեցողությամբ` ֆինանսավորելու իր առաջնահերթությունները»։