«Ռեմդեսիվիր» (Remdesivir)՝ նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող հակավիրուսային դեղամիջոցը, որը համարվում էր Covid-19-ի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկը, առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի ունեցել, գրում է The Guardian-ը։
Սա այն դեղամիջոցներից մեկն է, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խոստումնալից» էր անվանում։ Փորձարկումները ներառել են 237 պացիենտի, 158 հիվանդ բուժում է ստացել «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի օգնությամբ, 79-ը ստացել են սովորական բուժում: Հիվանդության վերականգնման ժամանակ խմբերի միջև ոչ մի տարբերություն չի արձանագրվել։ Ավելին՝ դեղամիջոցով բուժվածների 14%-ը մահացել է, համեմատած 13%-ի հետ, որ սովորական բուժում են ստացել։ Փորձարկումները դադարեցվել են նախատեսվածից ավելի վաղ՝ կողմնակի բարդությունների վախով պայմանավորված։ Դեղամիջոցի անարդյունավետության լուրը հայտնվել է ԱՀԿ կլինիկական փորձարկումների տվյալների բազայում և հեռացվել է: ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ փորձարկման արդյունքները պատահական են «շատ շուտ» հրապարակվել։
«Փաստաթղթի նախնական օրինակը տրամադրվել է ԱՀԿ-ի հեղինակների կողմից և ոչ միտումնավոր տեղադրվել կայքում,սխալը նկատելուց հետո անմիջապես հեռացվել է։ Փաստաթուղթը գրախոսություն է անցնում, և մենք, այն մեկնաբանելուց առաջ, սպասում ենք վերջնական տարբերակին»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Թարիկ Յասարևիչը։