Հարավային Կորեայի իշխանությունները հորդորում են քաղաքացիներին զգուշավորությամբ վերաբերվել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի առողջական վիճակի մասին վերջին օրերին համաշխարհային մամուլում շրջանառվող տեղեկություններին: Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չո Հեյ-Սիլի խոսքով՝ Սեուլը ուշի ուշով հետևում է թերակղզու հյուսիսային հատվածի իրադարձություններին, և առայժմ նախկինի համեմատ որևէ էական փոփոխություններ նկատելի չեն:
«Մենք շարունակում ենք տեղեկություններ ստանալ Հյուսիսային Կորեայի ղեկավարի գտնվելու վայրի, նրան այդ վայրում պահող հանգամանքների վերաբերյալ: Դրանք, սակայն, առայժմ նախկիններից չեն տարբերվում: Այս պահի դրությամբ Հյուսիսային Կորեայի տարածքում որևէ անսովոր ակտիվություն չի նկատվում», - հայտարարել է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը: