Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:
«Euronews»-ը տեղեկացնում է, որ Իտալիայում գրանցվել է 27 000 մահ: Ապաքինվել է 65000 մարդ: 106 000 մարդ շարունակում է բուժվել: Դրական դինամիկան օգնում է պլանավորել կյանքը կարանտինից հետո: Միլանը, որտեղ առաջին անգամ վերջին տարիներին օդի մաքրության բարձր ցուցանիշ է գրանցվել, մտադիր է ավտոմոբիլային երթևեկությունը քաղաքում պահպանել նվազագույն մակարդակի վրա:
Ֆրանսիայում ապրիլի 26-ին հայտնեցին մեկ օրում գրանցված 242 մահվան դեպքի մասին: Այս ցուցանիշը նկատելիորեն նվազում է: Երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 23 000: Կիրակի օրը Փարիզի բազմաթիվ բնակիչներ դուրս էին եկել գնումների: Նրանցից շատերը կրում էին պաշտպանիչ դիմակներ և հետևում էին սոցիալական հեռավորություն պահելու պահանջներին: