Նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս հեռախոսազրույց էր ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Ի թիվս երկու երկրների փոխհարաբերություններին վերաբերող այլ հարցերի, Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել էին իրենց երկրներում և աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Նախագահի և Աբու Դաբիի թագաժառանգի միջև պայմանավորվածության արդյունքում այսօր հատուկ չվերթով ԱՄԷ-ից Երևան են հասցվել բժշկական պարագաներ՝ նախատեսված կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրություների դեսպան Մուհամադ Ալ Զաաբին նշել է. «Արաբական Միացյալ Էմիրությունները պատիվ ունի կատարելու իր հանձնառությունն՝ օգնելով և մարդասիրական օգնություն տրամադրելով բարեկամ երկրներին՝ աջակցելով նրանց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս օժանդակությունը ներառում է բուժօգնության պարագաներ: Սա վկայում է Հայաստանի և ԱՄԷ-ի սերտ հարաբերությունների մասին», - ասել է դեսպանը:
Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նշել է, որ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ շփումներ է ունենում տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելով համավարակի կանխարգելման, դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված հարցեր: «Նման քննարկում է եղել նաև շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ, և այսօր հատուկ չվերթով Երևան ժամանեց մարդասիրական օգնությունը՝ բժշկական պաշտպանիչ միջոցներ և այլ ապրանքներ, որոնց ցանկը ներկայացրել էր ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այդ օգնությունը տրամադրվել է հենց Աբու Դաբիի թագաժառանգի կողմից՝ ի հավաստումն երկու երկրների բարեկամական հարաբերությունների», - նշել է Էմիլ Տարասյանը։