Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցության ժամանակ նախ ամփոփվել են միջոցառումների կատարման ընթացիկ արդյունքները, տեղեկատվություն է ներկայացվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 11-րդ և 12-րդ միջոցառումների վերաբերյալ, նշվել է, որ ընթացքի մեջ են սոցիալական թիրախային աջակցության միջոցառումների մշակման աշխատանքները։ Ներկայացվել են հաստատված որոշ միջոցառումների լրամշակման կոնկրետ առաջարկներ, որ, ըստ հեղինակների, հնարավորություն կտան ընդլայնել տնտեսական և սոցիալական օժանդակության շահառուների շրջանակը։ Քննարկվել են պարենային անվտանգությանը և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման հարցեր, անդրադարձ է եղել աշնանացանի համար ֆերմերային տնտեսություններին ցորենի որակյալ սերմացուի մատակարարման կազմակերպմանը, հնարավոր օժանդակության նպատակներին և գործիքակազմին։
Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ պետությունը հետաքրքրված է այնպիսի ծրագրի իրականացմամբ և այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք, բացի շուկայի ինքնաբավությունն ապահովելուց, նաև կփոխեն հացահատիկի մշակման մշակույթը Հայաստանում։ Մա հետաքրքրական է համարել Արցախի հետ փորձի փոխանակումը:
Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել սոցիալական աջակցության բաղադրիչով բնապահպանական միջոցառումներ իրականացնելու գաղափարը, այն է՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց աջակցության տրամադրում։ Արծարծվել են ծրագրի իմպլեմենտացիոն շղթային, մուլտիպլիկատիվ էֆեկտին, մոնիթորինգին վերաբերող և այլ հարցեր։ Գաղափարն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։ Կարևորելով ծրագրի իրականացումը, որն ունի և բնապահպանական, և սոցիալական բաղադրիչ՝ վարչապետը ընդգծել է, որ մշտադիտարկման գործիքակազմով պետք է ապահովել ծրագրի հաշվետվողականությունը։