Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ 2019-ին աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ վերջին տասնամյակում խոշորագույն աճը՝ կազմելով 1,917 տրլն դոլար: Հայաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որտեղ ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 4 տոկոսն ու ավելին: Հայաստանը 4.9 տոկոս ցուցանիշով հայտնվել է 6-րդ տեղում, Ադրբեջանը 4 տոկոս ցուցանիշով 9-րդ տեղում է: Անցած տարվա զեկույցում մեր երկրի ռազմական բյուջեն կազմել էր ՀՆԱ-ի 4.8 տոկոսը՝ 609 մլն դոլար: 2018-ի համեմատ աշխարհում ռազմական ծախսերն աճել են 3.6 տոկոսով, որ 2010-ից ամենաբարձր ցուցանիշն է:
Զեկույցի համաձայն՝ անցած տարի սպառազինման վրա առավել շատ գումար ծախսած երկրների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և Սաուդյան Արաբիա՝ ամբողջ աշխարհի ռազմական ծախսերի 62 տոկոսը: Ըստ մասնագետների՝ 2019-ին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.2 տոկոսը:
ԱՄՆ-ը ռազմական ծախսերն ավելացրել է 5.3 տոկոսով (732 մլրդ դոլար), Չինաստանը՝ 5.1 տոկոսով (261 մլրդ դոլար), Հնդկաստանը՝ 6.8 տոկոսով (71.1 մլրդ դոլար), Ռուսաստանը՝ 4.5 տոկոսով (65.1 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիան նվազել է 16 տոկոսով (61.9 մլրդ դոլար): Եվրոպայի տարածքում ռազմական ծախսերի առումով առաջատարը Ֆրանսիան է՝ 50.1 մլրդ դոլար: Թուրքիայի ռազմական ծախսերն անցած տարի կազմել են 20.4, Իրանինը՝ 12.6 մլրդ դոլար: