Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խորհրդարանը քննարկում է 2020-ի բյուջեում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Խորհրդարանը քննարկում է 2020-ի բյուջեում փոփոխություններ կատարելու օրինագիծը
28.04.2020 | 23:10

Կառավարությունը ԱԺ արտահերթ քննարկմանն է ներկայացրել 2020-ի բյուջեն վերանայելու նախագիծը՝ 2 տոկոս անկում 4,9 տոկոս աճի փոխարեն։
Նոր կորոնավիրուսի համաճարակը իրավիճակ է փոխել ամբողջ աշխարհում, և Հայաստանի կառավարությունը ևս պետք է լուրջ խմբագրումներ կատարի ծախսերն ու եկամուտներն ամփոփող գլխավոր փաստաթղթում: Ըստ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, տնտեսական աճ պետք չէ ակնկալել, քանի որ վիճակը ողջ աշխարհում անորոշ է, ռուբլին՝ անկայուն, տուրիզմի ոլորտը՝ փակված, արտերկրից դրամական փոխանցումներն էլ կրճատվում են․«Առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ մենք կունենանք 2 տոկոս անկում։ Հաշվարկները կատարված են այս գնահատականների համար այն տեղեկատվության հիման վրա, ինչը որ հայտնի է։ Անորոշության աստիճանը չափազանց մեծ է»։


Այդ իրավիճակում Կառավարությունը ծախսերը հիմնականում պահպանելու է, բայց ակնկալվող եկամուտները չեն ստացվելու, ուստի պակասուրդը կաճի: Օրենքով թույլատրվում է միայն մինչև 3 տոկոսանոց պակասուրդ, սակայն այժմ կատարվող փոփոխություններով առաջարկվում է պակասուրդի թույլատրելի ցուցանիշը դարձնել ՀՆԱ-ի 5 տոկոսը: «Մենք չենք դրել հարկաբյուջետային քաղաքականության առջև, որ ծախսերը պետք է կրճատել, ինչը, մեր համոզմամբ, կհանգեցներ բացասական ազդեցությունների ավելի խորացման։ Մինչդեռ ծախսերը գրեթե նույն մակարդակի պահպանելով՝ մենք մտադիր ենք մեղմել ազդեցությունը և արագ վերականգնման համար նախադրյալներ ստեղծել», - նշեց Ջանջուղազյանը։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին հակազդելու համար նախագծով առաջարկվում է Կառավարությանը օժտել 2020-ի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությամբ։ Գործող օրենքը կառավարությանը թույլատրում է առանց Ազգային ժողովի միայն հաստատված հատկացումների 3 տոկոսի սահմաններում վերաբաշխում անել։ Իսկ առաջարկվող նախագծով նախատեսվում է Կառավարությանը այդ սահմանաչափը գերազանցող վերաբաշխումներ անելու հնարավորություն տալ։

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ