Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 28-ին կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԳԴՀ ԱԳ նախարար Հեյկո Մաասի հետ: Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վարակի դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Հայաստանի ԱԳՆ նախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման և բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք կարևորվեց համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման և վերականգնման ծրագրերի կարևորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու և միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժևորեց գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանին փորձի փոխանակմամբ:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր երկկողմ օրակարգի ընդգրկունության, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում երկխոսության դինամիկայի պահպանման և խորացման ուղղությամբ:
Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում ԱԳ նախարարներն անդրադարձան ԵՄ-ում Գերմանիայի նախագահությանը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Արևելյան գործընկերության հարթակը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության խորացման, ինչպես նաև ազգային մակարդակով իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման առումով: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն անգամ համավարակով պայմանավորված բարդ ժամանակահատվածում:
Զոհրաբ Մնացականյանը և Հեյկո Մաասն անդրադարձ կատարեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները և կարևորեց առողջապահական գլոբալ ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի խստիվ պահպանումը:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին հետևելու անհրաժեշտությունը: