Կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո թուրքական հյուրանոցներում պահպանվելու է «all inclusive» համակարգն ու «շվեդական սեղանը»՝ տեղեկացրել է Թուրքիայի հյուրանոցատերերի դաշնության ղեկավար Սուրուրի Չորաբաթըրը:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները, հղում տալով երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, տեղեկացրել էին, որ կորոնավիրուսի ավարտից հետո արտասահմանյան զբոսաշրջության վերականգնումը երկրում սպասվում է օգոստոսի վերջին, սակայն սկզբնական փուլերում թուրքական հյուրանոցները չեն աշխատի ամբողջ հզորությամբ և հնարավոր է հրաժարվեն «շվեդական սեղանի» ծառայությունից: «All inclusive համակարգի և շվեդական սեղանի չեղարկման մասին խոսք չկա: Ինչպես կարող են դրանք չեղարկվել, երբ մենք դեռ անցյալ տարի ենք պայմանագրեր ստորագրել զբոսաշրջային գործակալությունների հետ այս տարի այդ ծառայությունները մատուցելու համար: Լրատվամիջոցները սխալ են ներկայացրել մեր նախարարի խոսքերը, նա նկատի է ունեցել այդ համակարգի փոփոխությունները սովորական ձևից. ուժեղացվելու են սանիտարական միջոցառումները, մեծացվելու է սոցիալական հեռավորությունը, փոխվելու են մի քանի ծառայություններ մատուցելու սովորական միջոցները:
Համակարգը շարունակելու է աշխատանքը հյուրերի և հյուրանոցի անձնակազմի համար ընդլայնված միջոցառումներով, բայց դա չի ենթադրում, որ այդ միջոցառումները չեղարկվելու են: Դա բնական է այն պայմաններում, որոնք կլինեն կորոնավիրուսի համավարակից հետո: Բացի այդ, մենք հասկանում ենք, որ սկզբնական փուլում հաճախորդները շատ չեն լինի և հյուրանոցների համար հեշտ կլինի պահպանել բոլոր հիգիենիկ կանոնները»,-նշել է գործակալության զրուցակիցը: Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 114 653 դեպք, հիվանդության հետևանքով մահացել է 2992 մարդ: