Reuters-ին հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է՝ կորոնավիրուսի հարցում Չինաստանի կեցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ Պեկինն ամեն ինչ կանի նոյեմբերին իր վերընտրությունը խափանելու համար:
Թրամփն ասել է, թե քննարկում է համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու մի քանի տարբերակ: «Ես շատ բաներ կարող եմ անել», - Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է ԱՄՆ նախագահը: Նրա համոզմամբ՝ Չինաստանը մեղավոր է կորոնավիրուսի ծագման և տարածման մասին միջազգային հանրությանն ուշացումով տեղեկացնելու, վարակի վտանգավորության աստիճանի, մարդուց մարդուն փոխանցվելու մասին չզգուշացնելու համար: ԱՄՆ-ում համավարակից մահացել է 60 000 մարդ, տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ: Այդ հանգամանքները կարող են խոչընդոտել Թրամփի հաղթանակը նոյեմբերի նախագահական ընտրություններում:
«Չինաստանն ամեն ինչ կանի, որ ես պարտվեմ», - Reuters-ին ասել է Թրամփը:
Նա ենթադրում է, որ Չինաստանին ձեռնտու է Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հաղթանակը, քանի որ, ըստ Թրամփի, դա կթուլացնի առևտրի և այլ հարցերում Վաշինգտոնի կողմից Պեկինի վրա գործադրվող ճնշումը: