Կառավարությունը փոխհատուցման չափեր սահմանեց զինծառայողների կողմից 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց։ 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10 000 դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու համար` 20 000 դրամ։
Կառավարության այս որոշումը վերաբերում է նաև Ոստիկանության զորքերին ու ԱԱԾ ծառայողներին։ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, թե զինծառայողը, որն իր ծառայությունն անցկացնում էր Մեղրիում ու մշտական բնակության վայրը եղել է Գյումրին, փոխհատուցումը ստացել է մինչև Երևան, Երևանից ավելի փոխհատուցումը չէր ստացվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Զինված ուժերում իրենք որոշակի հարցումային աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որոնք են այն հարցերը, որոնք հուզում են զինվորներին։
«Դուրս ենք բերել այդ հարցերը, բոլորը միանգամից չեն լուծվելու, բայց հերթով կլուծվեն», - ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսի պայմաններում այս որոշումը կբարձրացնի զինծառայողների տրամադրությունը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե ժամկետայինների դեպքում որոշումը հասկանալի է ու տրամաբանական։ «Բայց պայմանագրայինների դեպքում ավելի ճիշտ չէ՞ դիտարկել ոչ թե դժվար չափելի տրանսպորտային ծախսի հատուցում, այլ, փոխարենը, քննարկել վարձատրության մաս դարձնելու տեսակետից։ Պարոն Տոնոյան, դուք նախագծի միայն մի մասն ասացիք, ինձ թվաց՝ մյուս մասը չկարևորելուվ, 700 կիլոմետրից ավելիի դեպքում այլ գումար է նախատեսվում, ես համաձայն եմ, որ հեռավորությունը պիտի նշանակություն ունենա, բայց չխրախուսենք դուրս գնալը, այստեղ սահմանափակած չի միայն ՀՀ տարածքն ու հարակից տարածքը», - ասաց Ջանջուղազյանը։
Դավիթ Տոնոյանն էլ արձագանքեց, որ 700 կիլոմետր ասելով՝ խոսքը գնում է գնալ-գալու մասին։ «Պարոն Ջանջուղազյան, բացի դրանից, 700 կիլոմետրը պատահական թիվ չէ», - ակնարկեց Տոնոյանը։
Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների համար առաջացնում է լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն, որոնք իրականացվելու են համապատասխան պետական մարմիններին յուրաքանչյուր տարվա համար հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: Կատարվող փոփոխության և լրացման արդյունքում գործող կարգի 6-րդ կետում սահմանված ծախսերի և լրացուցիչ ծախսերի համեմատական պատկերը հետևյալն է (զինծառայող/ընտանիքի անդամ).
1) 350-380կմ = 10600 դրամ (ավելացում՝ 600/300 դրամ)
2) 380-410կմ = 11000 դրամ (ավելացում՝ 1000/500 դրամ)
3) 410-450կմ = 11200 դրամ (ավելացում՝ 1200/600 դրամ)
4) 450-500կմ = 12000 դրամ (ավելացում՝ 2000/1000 դրամ)
5) 500-550կմ = 12400 դրամ (ավելացում՝ 2400/1200 դրամ)
6) 550-600կմ = 13000 դրամ (ավելացում՝ 3000/1500 դրամ)
7) 600-650կմ = 16000 դրամ (ավելացում՝ 6000/3000 դրամ)
8) 650-700կմ = 18000 դրամ (ավելացում՝ 8000/4000 դրամ)
9) 700 և ավելի կմ = 20000 դրամ (ավելացում՝ 10000/5000 դրամ):
Պաշտպանության նախարարության համակարգում տարվա ընթացքում ՀՀ տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնող և վերադարձող զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների միջին թվային ցուցանիշների և ներկայացված ավելացումների համադրության արդյունքում այդ ուղղությամբ տարեկան հաստատված ծախսի նկատմամբ լրացուցիչ ծախսերի չափը (ավելացումը) տարեկան կազմում է մոտ 150.000,0 հազ. դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: