Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի նախագահը խորհրդարանում ամփոփել է իր նախագահությունը

Արցախի նախագահը խորհրդարանում ամփոփել է իր նախագահությունը
30.04.2020 | 15:41

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ նախագահի՝ 2019-ի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների և 2020թ. հունվարից մինչև ԱՀ նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդմամբ:


Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացված աշխատանքներն` ըստ առանձին ուղղությունների, և նշել, որ 2019թ. հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ և ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարևորագույն ցուցանիշներից է 10,3 տոկոս տնտեսական աճը: Արցախի նախագահն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի Հանրապետության զարգացման մի շարք հիմնական ցուցանիշների: «Իսկ հիմա անցնեմ 13 տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքները բնորոշող որոշ թվերի և ցուցանիշների, ինչի մասին ավելորդ չեմ համարում խոսել այս ամբիոնից: Իրականացվել է բավականին մեծ աշխատանք, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր: Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով և պատվով հաղթահարել է դրանք: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարևոր ցուցանիշը ՀՆԱ-ն է: 2007թ. այն կազմել է մոտ 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019թ. գերազանցել է 342 միլիարդ դրամը:


Եթե 2007թ. մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4 հազար 803 դոլար:
2007թ. պետբյուջեի ծավալը կազմում էր 30,8 միլիարդ դրամ: 2020-ին, ինչպես գիտեք, այն կազմեց մոտ 121 միլիարդ դրամ:
Այսպիսինն են 2007-2019թթ. որոշ ոլորտներում արձանագրված ցուցանիշները՝
-արդյունաբերական արտադրանքի ծավալը 22 միլիարդից հասել է 164,5 միլիարդ դրամի,
-գյուղատնտեսության համախառն արտադրանքը 23,8 միլիարդից հասել է գրեթե 70,6 միլիարդ դրամի,
-շինարարության ծավալը 20,8 միլիարդից հասել է 64,6 միլիարդ դրամի,
-արտաքին առևտրաշրջանառության ծավալը 277,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է ավելի քան 656 միլիոն դոլարին համարժեք դրամի:
Եթե 2007-ին մեր երկրում արտադրվում էր 90,4 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, 2019-ին Արցախի Հանրապետությունից գրեթե այդ չափով էլեկտրաէներգիա միայն արտահանվել է՝ 85,7 միլիոն կիլովատտ/ժամ, իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 միլիոն կիլովատտ/ժամ:


Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի իրականացման արդյունքում այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 000 մարդով:
Մեր երկրում կառուցվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել և վերանորոգվել բազմաթիվ այլ ճանապարհներ:
Մայրաքաղաք Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը և Շուշին, տարբեր գյուղեր ու քաղաքներ:


Նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել արտաքին քաղաքական ոլորտում, մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այսպես՝ 2012-ին մեկնարկեց և այսօր ընթացքի մեջ է տարբեր երկրների վարչական միավորների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը, ակտիվորեն ընթանում է երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Շոշափելի արդյունքներ են գրանցել մեր մարզիկները, ովքեր վերջին ժամանակահատվածում գրեթե ամեն տարի տարբեր միջազգային մրցույթներում դարձել են հաղթող կամ մրցանակակիր: Լուրջ արդյունքներ ունենք նաև մշակույթի ոլորտում:
Այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը: Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը մայր Հայաստանի և Սփյուռքի հետ միասին չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը և արժանապատվությունը:
Խոսելով այս ամենի մասին՝ կուզենայի նշել, որ ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռևս անելիքները շատ են:


Աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև, ոչ պակաս կարևոր են ու պատասխանատու, և դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում: Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները», - ընդգծել է նախագահը: Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ` կբազմապատկեն դրանք և արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, մեր քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը, և բոլորին մաղթել խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ