«Ես մեր վարչապետի սիրած բառերով կասեմ. «Օդում կախված լուրերի համաձայն» Փաշինյանն ունեցել է շատ վատ հանդիպում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն պատասխանատվության»՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության «Անվտանգության գործոն» հաղորդման ընթացքում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են, բայց ոչ թե հրաժարվել են իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունը, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել։ Ինչի արդյունքում, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին, դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին կետում շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին՝ իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ», - ասաց նա։ Ըստ Վանեցյանի՝ այստեղ երկու տարբերակ կա: Առաջինն այն է, որ վարչապետը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ստիպում է, որպեսզի իրավապահ մարմիններն իրականացնեն անօրինական գործողություններ՝ կոնկրետ Վանեցյանի նկատմամբ: Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ եթե Փաշինյանը համոզված է, որ Վանեցյանը հանցագործություն է կատարել, պետք է դիմի դատախազություն: Վանեցյանը հորդորեց վարչապետին՝ դիմել դատախազություն կամ իրավապահ այլ մարմնի և ներկայացնել պաշտոնական հաղորդագրություն հանցագործություն կատարելու մասին:
«Այդ դեպքում պարտադիր պետք է հարուցվի քրեական գործ։ Եթե քրեական գործի քննության արդյունքում կհաստատվի, որ ես մեղավոր եմ, ես կկրեմ իմ պատիժը։ Բայց եթե կհաստատվի, որ ես մեղավոր չեմ, Նիկոլ Փաշինյանը կենթարկվի քրեական պատասխանտվության՝ սուտ մատնության համար»: Վանեցյանի խոսքով՝ այս ամենը մի նպատակ է ունեցել՝ շեղել հանրության ուշադրությունը շատ կարևոր հարցերից: Եվ որպես ամփոփում՝ ցանկացավ մեկ հարց հնչեցնել. «Ի վերջո, Ղարաբաղի հարցով ի՞նչ փաստաթղթի շրջանակում եք բանակցում, պարո՛ն Նիկոլ Փաշինյան։ Պատասխանեք այդ հարցին և մի փորձեք կեղծ լուրերով շեղել հիմնական հարցերից»: