Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ առողջապահության նախարարի մտքին, որ եթե կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակի աճել, ստիպված են լինելու ասիմպտոմ հիվանդներին ուղարկել տուն, քանի որ բուժհիմնարկներում տեղ չի լինի:
«Մենք այս ընթացքում բժշկական հսկողության տակ ենք պահել մարդկանց, ովքեր չեն բուժվում, այսինքն՝ բժշկական օգնության կարիք չունեն: Այո, նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանք ոչ ջերմություն, ոչ թոքաբորբ չունեն, երբեմն նույնիսկ չեն հազում ու փռշտում: Բայց մենք նրանց պահել ենք բժշկական հսկողության ներքո, որպեսզի կանխարգելենք ուրիշներին վարակելը: Այս նոր պայմաններում քաղաքականության փոփոխությունը պետք է լինի այն, որ բուժհաստատություններում պետք է գտնվեն այն մարդիկ, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք»,- ասաց նա:
Ըստ վարչապետի՝ այստեղ ռիսկն այն է, որ եթե ասիմպտոմ հիվանդին թողնեն գնա տուն, նրա անհատական կարգապահությունից շատ բան է կախված լինելու: Եթե նա տանից դուրս գա, կարանտինային ռեժիմը չպահի, վարակը տարածվելու է: «Բայց այստեղ էլ ոչ թե խնդիրն ինքնին վարակի տարածվելն է, այլ տարածման հետևանքով ծանր և առանձնապես ծանր դեպքերի թվի շատացումը: Եվ մենք նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել մոտավորապես 1500 ծանր դեպք, իհարկե, հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման սարքի կարքի կունենան»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ եթե մեկուսացված պայմաններում մոտավորապես այնքան հիվանդ կա, ինչքան փաստացի առօրյա կյանքում, այդ մարդկանց հիվանդանոցում պահելը դառնում է անիմաստ: