Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արմեն Սարգսյան. Առանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել

Արմեն Սարգսյան. Առանց միմյանց օգնելու չենք կարող առաջ շարժվել
01.05.2020 | 13:03

Սիրելի՛ հայրենակիցներ,


Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին հիվանդանոցը թե՛ տուն է, թե՛ ընտանիք: Նրանք արժանի են ամենաբարձր գնահատականի, այդ թվում՝ նաև պետության կողմից հատուկ վերաբերմունքի և պարգևի: Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին աշխատում են սովորականից ավելի ծանրաբեռնված, առանց տրտնջալու: Նրանք գիտակցում են, որ իրենց ամեն մի լրացուցիչ ջանք կարող է առնվազն մեկ կյանք փրկել, մեկ ընտանիքի համար հաց ստեղծել, նպաստել քաղաքացու և երկրի անվտանգության պահպանությանը:


Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսի համավարակի պատճառով ձեզնից ոմանք ժամանակավորապես կտրվել են աշխատանքից, ոմանք կորցրել են աշխատանքն՝ իրենց ամենօրյա ապրուստի միակ միջոցը: Հասկանում եմ ձեր ընտանիքների վիճակը և կիսում եմ ձեր մտահոգությունները: Հասկանում եմ, թե այս իրավիճակում ինչ է նշանակում մնալ առանց աշխատանքի: Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում: Պետության աջակցության կարիք կա, նաև միմյանց ձեռքն ամուր բռնելու կարիք կա, որովհետև առանց իրար օգնելու չենք կարող առաջ շարժվել, առավել ևս՝ արտակարգ իրավիճակում: Դուք բոլորդ աշխատանքի մարդիկ եք, աշխատանք սիրող մարդիկ: Եւ բնավ կապ չունի, թե, արտակարգ իրավիճակով պայմանավորված, որտեղ եք այս պահին՝ տանը մեկուսացա՞ծ, թե՞ շինհրապարակում, վիրահատական սեղանի առա՞ջ, թե՞ գիտական թեզը շարունակելիս, ծառայության մեջ ե՞ք, թե՞ սպասում եք գործատուի զանգին:


Այսօր անգամ ամենազարգացած և հարուստ երկրներում սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացել: Մենք նույնպես գտնվում ենք բարդ կացության մեջ: Մի կողմից՝ համավարակն իր հետևանքներով, մյուս կողմից՝ տնտեսական ու ֆինանսական խնդիրները, և դրանց կողքին՝ սոցիալական, մարդկային խնդիրները: Բոլոր դեպքերում էլ պետությունն առաջին հերթին և մենք բոլորս անելիք ունենք։
Իրավիճակից ելքը պետություն-գործատու-աշխատող եռանկյունում է, որը պետք է լինի կուռ ամբողջություն: Սակայն լուծման ուղին առաջին հերթին պատասխանատվությունն է, կարգապահությունը, զգոնությունը և նաև հոգատարությունն աշխատող մարդու նկատմամբ, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարենք համավարակը և վերադառնանք բնականոն կյանքի:


Մենք սովոր ենք դժվարություններ հաղթահարել, և այսօր էլ դա պետք է անենք միասին: Իսկ հաղթահարելը նույնպես աշխատանք է, որը ոչ ոք մյուսի փոխարեն չի կարող անել:
Եղեք ամուր, եղեք հաստատակամ: Առողջություն, ուժ և կորով ձեր մտքին, հոգուն ու մարմնին: Ամենայն բարիք ձեր տանն ու ընտանիքներին»:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ