Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մայիսի 1-2-ը ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ԼՂ ՊԲ-ում: Արցախի ՊՆ նախարար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ՝ Դավիթ Տոնոյանը եղել է հյուսիսային ու կենտրոնական ուղղությամբ գործող զորամասերում, այցելել զորային ու թիկունքային նշանակության օբյեկտներ, հանդիպել սպայական, պայմանագրային ու ժամկետային կազմի զինվորականների հետ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության արդի մակարդակն ու այս համատեքստում բոլոր միջոցառումների որակական ցուցանիշները, որոնք իրականացվում են ՊԲ-ում: Աշխատանքային շրջայցի ընթացքում ճշգրտվել են հետագա անելիքների առաջնահերթ ուղղությունները, որոնք առաջիկայում պետք է ընկած լինեն ռազմական համագործակցության օրակարգի հիմքում: