ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը: Նա հայտնեց, որ քննարկվել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Գեղարքունիքում տեղի ունեցած դեպքի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքի և այլ թեմաների վերաբերյալ:
«Ինչպես կարող էր ծեծկռտուքի միջադեպը չքննարկվել, անբնական կլիներ, եթե դրա մասին չխոսվեր: Խմբակցության անդամներն իրենց կարծիքն են հայտնել, քննարկել ենք, թե ինչ է տեղի ունենում ընդհանրապես։ Հիմնականում բոլորը համակարծիք էին, որ Արթուր Դանիելյանն ընդամենը գործիքի ինչ-որ հատված է, որի միջոցով փորձում են ինչ-որ պրոցեսներ սկսել, իսկ ակտիվացում սկսվել է, քանի որ ամեն ինչ ճիշտ ուղով է ընթանում»,-ասաց պատգամավորը: Հարցին, որ խոսվում էր նաև ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և վարչապետի հարաբերություններում լարվածության մասին, վարչապետին այս լուրերի վերաբերյալ հարցեր ուղղվե՞լ են, Մանուկյանը պատասխանեց. «Այդ մասին չի խոսվել, մարդիկ լուրջ հարցեր էին տալիս, ապատեղեկատվությանը համարյա չենք անդրադարձել: Չենք քննարկել, այդ տեղեկատվական հարթակները սուտասանների կույտ են ու նման տեղեկությունները չենք քննարկում: Դա ինֆորմատիվ աղբի բազա է, ինչի՞ համար պետք է քննարկենք»:
Փորձեցինք ճշտել նաև, թե քննարկվել են ծխախոտի մաքսանենգության հարցով մամուլում տեղ գտած տեղեկությունները, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը շեշտեց, թե այդ լուրերը սուտ են, իրականությանը չեն համապատասխանում, ուստի քննարկելու խնդիր չկա: