2016-ի ապրիլի կրկնություն չի լինելու, չի լինելու 1991-1994թ. կրկնություն, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Մենք Արցախի հետ միմյանց շատ լավ հասկանում ենք, շատ լավ աշխատում: Սա չափազանց էական հանգամանք է, որը հնավորություն է տալիս հստակ լինել մեր մոտեցումների մեջ: Իհարկե, դեռևս չենք կարող ասել՝ ճեղքել ենք իրավիճակը: Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում պրակտիկ հարց է: Երկու տարի անց մենք դեռևս չենք կարողացել այս հարցին հանգուցալուծում տալ, բայց շարունակելու ենք», - ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերություններում կան խնդիրներ, մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել
Եղել են մեկնաբանություններ իմ և խոսնակի մակարդակով, հիմա մենք բնականոն կշարունակենք աշխատել՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, որ չնայած իրենց հավաստիացումներին, ըստ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում պարզվեց կա փաստաթուղթ: «Հիմա այս հարցը թափ տալու կարիք չկա»,- ասաց նա և նշեց, որ իրենք ՌԴ-ի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր են աշխատում, իսկ համանախագահությունը ներառում է նաև այլ երկրներ՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիա, որոնց հետ այս երկու տարվա ընթացքում ունեցել են շարունակական աշխատանք: «Ունենք բավական ընդարձակ հնարավորություններ՝ խոսելու մեր դիրքորոշումների, ընկալումների մասին, որի մասին ընդարձակ խոսել եմ, և այդ առումով հիմա մի շրջան է, երբ պետք սպասենք՝ պահպանելով կայունությունը, պահպանելով զինադադարի ռեժիմը, անցնել այս փուլը, հետո ներգրավվել այս աշխատանքի մեջ նորից, ինչպես ծրագրվում էր»,- ասաց նա՝ մատնանշելով, որ իր և ադրբեջանցի իր գործընկերոջ հետ վերջին հանդիպման շրջանակներում ԼՂ հիմնախնդրի բոլոր հարցերի շուրջ քննարկումներ եղել են: Նա նշեց, որ կան ծրագրված գործողություններ և սպասում են դրանց իրականացման պահին: «Բոլորս կապի մեջ ենք, միմյանց տեղյակ ենք պահում»,- ասաց նա՝ նշելով՝ սպասում են, որ սահմանափակումները վերանան, որ շարունակեն անցնել նորմալ աշխատանքի:
Անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարություններին գազի սակագնի և ռուսական ընկերությունների դեմ հարուցված քրեական գործերի վերաբերյալ՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև օրակարգը բավականին ընդարձակ է, դրանց մեջ մտնում են նաև խնդիրներ: «Եթե չունենանք խնդիրներ, ուրեմն խորքային խնդիր ունենք: Երկու երկրների հարաբերություններում կան խնդիրներ, որոնք երկու դաշնակից, բարեկամ երկրները միմյանց հետ քննարկում են: Մենք մտադրություն ունենք նույն ոգով աշխատել, ինչպես վերջին երկու տարիների ընթացքում, նույն ծավալով երկկողմ օրակարգում առկա հարցերի շուրջ»,- ասաց նա:
Գազի հարցը, ըստ ԱԳ նախարարի, մեծ նշանակություն ունի Հայաստանի համար, և շարունակելու են քննարկել ռուսաստանցի գործընկերների հետ:
Մեկ այլ հարցի, թե հնարավոր է հայկական կողմին ԼՂ հիմնահարցում ինչ-որ բան պարտադրեն, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ինձ տրված է մանդատ առաջ տանելու այդ աշխատանքը, մեր կառավարության ղեկավարը վարչապետն է, որն ունի մանդատ ժողովրդի կողմից, և սրանով ենք մենք առաջնորդվում բանակցություններում: Մենք չենք կարող ստեղծել իրավիճակ, երբ մեր ժողովրդի համար անվտանգային միջավայրը դառնում է խոցելի, և այդ առումով շարունակելու ենք: Մեր աշխատանքային մեթոդը կառուցողական է, և այդ մեթոդով մենք շարունակում ենք, բայց կառուցողական չի նշանակում, որ մենք կարող ենք աշխատել մի իրավիճակում, երբ մեր ազգային շահերի համար ստեղծվում է վտանգ, ստեղծվում է անընդունելի իրավիճակ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանից եկող սպառնալիքներին, թե պատերազմ կլինի, ԱԳ նախարարը նշեց. «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու բանակցային գործընթացում»: