«Ժողովուրդը» գրել է, որ մայիսի 2-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, նախորդների համեմատ, անցել է հանդարտ: Նախորդ նիստը շատ բուռն էր եղել, որի ժամանակ վարչապետը դուրս էր եկել ափերից ու իր թիմակիցներին հորդորել էր ուշքի գալ: Անգամ իմքայլականների համար էր անակնկալ եղել վարչապետի խիստ ու կոշտ որակումները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ իր թիմակիցներին բացատրել է, թե ինչն է իրենց թիմի խնդիրը, նշել է, որ ինքն արդեն հոգնել է տարբեր անձանցից բողոքներ լսելուց, ու նշել, որ խնդիրները ոչ թե պետք է փնտրել այստեղ-այնտեղ, այլ իրենց թիմում առաջացած պառակտումների, թայֆաների բաժանվելու և անվերջ միմյանցից բողոքելու մեջ: Նա բոլորին հորդորել է սթափվել ու աշխատել՝ առանց ինչ-որ մեկի մասին ինֆորմացիաներ որոնելու ու իրեն փոխանցելու:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ իմքայլականների շրջանում լարվածություն կա, մի քանի պատգամավորների (որոնց մեջ են Վարդան Աթաբեկյանը, Աննա Կարապետյանը) ԱԺ տարբեր շրջանակներից հորդորում են մանդատը վայր դնել: Լարվածությունն կա նաև գործադիր մարմնում, որտեղ ևս առաջիկայում հնարավոր են պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ: