Աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3700 000ը, երեկ մահացել է 6 000 մարդ: Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը՝ 260 000, բուժվածներինն անցել է 1 240 000-ից:
Մեծ Բրիտանիան առաջ է անցել Իտալիայից կորոնավիրուսից մահացության ցուցանիշով՝ 29427: Բրիտանիայի վիճակագրության ազգային բյուրոյի տվյալներով՝ մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 32 000-ը. այս վիճակագրությունը ներառում է ոչ միայն հիվանդանոցներում մահերը, այլև Covid-19-ի կասկածով մահվան դեպքեր տանը, ծերանոցներում, հոսպիսներում:
Ավելի շատ մահվան դեպքեր միայն ԱՄՆ-ում են՝ 72 000-ից ավելի: Նյու Յորքում մետրոն գիշերային ժամերին փակվելու է՝ ախտահանման համար: Նախագահ Դոնալդ Թրամփը խոստանում է զեկույց հրապարակել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ:
Տաջիկստանում ԱՀԿ ներկայացուցիչների այցից հետո առողջապահության նախարարն ազատվել է աշխատանքից, և այժմ այնտեղ համաճարակը տարածվում է արդեն պաշտոնապես: Թուրքմենստանը չեղարկել է ԱՀԿ փորձագետներին ուղղված հրավերը:
Հաագայում ոստիկանությունը հեռավորություն պահպանելու կանոնները խախտելու համար ձերբակալել է կարանտինի դեմ ակցիայի 50 մասնակիցների:
Կիևում անցկացվելու է ընդդիմության «Կարանտինը սպանում է» ակցիան, թեև Ուկրաինայում արդեն մշակվել են հստակ կանոններ, թե ինչ կարելի է անել մայիսի 11-ից հետո:
Ռուսաստանում երեք օր անընդմեջ Covid-19-ի 10 000-ից ավելի նոր դեպք է գրանցվում: Ընդհանուր առմամբ երկրում կա 155 000 հաստատված դեպք, ավելի քան 1500 մահ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ կցանկանա, որ Մինսկում անցկացվելիք մայիսի 9-ի՝ Հաղթանակի օրվա շքերթը հեռարձակվի նաև ռուսական հեռուստատեսությամբ: Լուկաշենկոն Մինսկի շքերթին հրավիրել է այլ երկրների ղեկավարներին՝ «գոնե նախկին Խորհրդային Միության», և հույս հայտնել, որ «գոնե ինչ-որ մեկը կգա»՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ շքերթին շատ մարդկանց մասնակցությունը ազդեցություն չի ունենա նրանց առողջության վրա: