Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում չկա սոցիալական ճգնաժամ և կոլապս

Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում չկա սոցիալական ճգնաժամ և կոլապս
06.05.2020 | 21:26

Վարչապետը Աժ-ում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների տարեկան զեկույցը ներկայացնելիս առանձին մաս նվիրեց համաճարակի պայմաններում կատարած աշխատանքին՝ ընդգծելով, որ հաջողվել է ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում, թեև դեռ վաղ է լավատեսությանը տրվել․

«Ճգնաժամը նոր-նոր սկսվում է, և մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն մեկ տարում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»։ Ի սկզբանե նպատակը եղել է թույլ չտալ խուճապ, ապահովել պայմաններ, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին։
Վարչապետը թվարկեց ձեռքբերումները, 16 հակաճգնաժամային միջոցառումները, որոնցով կառավարությունից ուղիղ աջակցություն է ստացել ավելի քան 1 միլիոն մարդ։ Մայիսի 5-ի դրությամբ, վարչապետի խոսքով, բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տվել 472 000 ֆիզիկական և 15000 իրավաբանական անձանց։ Գնաճի մասով, վարչապետի գնահատմամբ՝ էֆեկտիվ կառավարում ենք ունեցել։ Խոսելով տնտեսական վնասերի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ կորոնավիրուսից վնասներ կրած տնտեսությունը չպետք է վերադարձնել նախկին վիճակին․ «Կհամարենք, որ խոշոր պարտություն ենք կրել։ Մենք պետք ա տնտեսությունը բերենք նոր վիճակի։ Կա մի գործիք, որը աներկբա է և միանշանակ։ Եվ էդ գործիքը կրթությունն է»։


Նախքան կորոնավիրուսի ճգնաժամին անդարադառնալը, Փաշինյանը որպես Կառավարության ձեռքբերում ընդգծել էր, որ հեղափոխությունից հետո մեկուկես տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտներն ավելացել 43,6 տոկոսով, այդ միջոցներով բիզնեսին է վերադարձվել նաև շուրջ 199 մլրդ դրամի պարտք։
Հայաստանում պետական բյուջեի հարկային եկամուտները 2020-ի առաջին եռամսյակում գերակատարվել են 8,9 մլրդ դրամով, և եթե կորոնավիրուսը չխանգարեր, ակնկալվում էր շուրջ 20 մլրդ դրամի գերակատարում։
Ստվերից դուրս է եկել 87 000 աշխատող, միջին աշխատավարձը 5,8 տոկոսով ավելացել է, աղքատությունը կազմել է 23,5 տոկոսի։


Արդեն հարցուպատասխանի ժամանակ՝ ԼՀԿ խմբակցությունից հարց հնչեց, թե ինչո՞ւ նշված դրական ցուցանիշների կողքին չի խոսվում տնտեսական ձախողումների մասին։ Վարչապետն արձագանքեց․«Ըստ էության ես կարող եմ ասել, որ 2019-ին մենք կարողացել ենք հասնել տնտեսական հեղափոխության տեմպի և դինամիկայի։ Որովհետև մենք բացառիկ ցուցանիշներ ունենք։ Կարո՞ղ էին այդ ցուցանիշները ավելի բարձր լինել։ Այո, կարող էին։ Գուցե մենք չենք ունեցել այնքան հաջողություններ, ինչքան կուզենայինք, որ ունենանք»։
Իսկ լրջագույն ձախողում, վարչապետի գնահատմամբ, կոռուպցիայի դեմ պայքարն էր։ 2019-ից և մինչև օրս շարունակվող ամենամեծ ձախողումը ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է։


Չի լուծվել նաև դատական անկախ համակարգ ունելու հարցը, նշաձողն է՝ բացառել կառավարելի, խամաճիկային համակարգը։ Վարչապետը շեշտեց, որ այսօր իրավապահ համակարգում կան նվիրյալ, անկախ աշխատողներ, սակայն կան նաև դավաճաններ, անգրագետներ։ Թացը չորի հետ չխառնելու համար և իրավիճակն ավելի պատկերավոր ներկայացնելու համար Փաշինյանը մեջբերեց աստվածաշնչյան դրվագ․ «Լավ, եթե 10 արդար լինի, կկործանե՞ս։ Ասում է ոչ, եթե 10 արդար լինի, էդ 10 արդարի շնորհիվ, չեմ կործանի էդ քաղաքը։ Բանը հասնում է նրան, ասում է, լավ եթե մի՞ արդար լինի։ Աստված լուծում ա գտնում, ասում ա՝ մի արդարին կհանեմ քաղաքից և մնացածի հարցը լուծեմ։ Եվ ես ուզում եմ ասել, որ ՀՀ դատական, դատաիրավական համակարգում կան 10 արդարներ, և ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդ ու քար չի արել, չի ավերել, միայն այդ․․․ պայմանականորեն 10 կամ 50 արդարների շնորհիվ։ Ընթացող քննությունների արդյունքում 100 տոկոսով, ոչ թե 99, այլ 100 տոկոսով կբացահայտվի Հայաստանում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը»։


Կոռուպցիոներների թեման նորից շոշափվեց, երբ ԲՀԿ խմբակցությունից հարց տրվեց օտարեկրյա ներդրումների շուրջ։ Փաշինյանը հիշեց «Գոլդեն Փելեսի» հայտնի օրինակը․«Օտարերկրյա ներդրումներ վերնագրի տակ Հայաստանի կոռումպացված չինովնիկները տարել են իրանց փողերը պտտել են, էսինչ էսինչյանը դառել է Գոնսալո Իգուաին, բերել ա Հայաստանում ներդրում ա արել։ Հիմա ի՞նչ ա տեղի ունենում։ Քանի որ բոլորը հասկացել են, որ հակակոռուպցիոն պայքարը լուրջ ա ըլնելու, նաև Հայաստանից էս ընթացքում փողեր դուրս են բերում էդ նույն մարդիկ։ Եվ դա մեր մեծ պրոբլեմներից մեկն ա։ Եվ էդ մեծ պրոբլեմների ամենակարևոր բանը, ամենակարևոր պարամետրը, այո, անկախ դատական համակարգի կայացումն ա»։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում շատ երկար տարիներ հաստատված ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն. «ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որը ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը»։

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ