Որևէ գործարք հանրապետության նախագահի և վարչապետի միջև չկա և չի կարող լինել, ի պատասխան այն տեղեկատվության, թե իբր ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա նրանց միջև Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, հայտարարել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկանց խմբեր, որ մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր»,- նշված է հայտարարության մեջ: Նախագահի աշխատակազմը հիշեցրել է, որ Արմեն Սարգսյանը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանն, «ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ»:
«Իբրև հետևանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ: ԱԺ-ի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում»: