Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կգլխավորի Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհուրդը: Լուրը հայտնել է ինքը Սաակաշվիլին` մի շարք լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան: 2014-ին Ուկրաինայի այժմ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի նախաձեռնությամբ ստեղծված կառույցը նախագահին կից հատուկ խորհրդատվական մարմին է՝ բարեփոխումների իրականացման հարցով: Սաակաշվիլին հայտարարել էր, թե նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն փոխվարչապետի պաշտոնն է առաջարկել, որ դժգոհության ալիք էր բարձրացրել Թբիլիսիում: Վարչապետ Գիորգի Գախարիան սպառնացել էր ետ կանչել Վրաստանի դեսպանին, հիշեցնելով, որ նախկին նախագահը հայրենիքում մեղադրվում է ծանր հանցանքներում: Սաակաշվիլիի թեկնածությունը հավանություն չէր ստացել Ուկրաինայի խորհրդարանում Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության շրջանում: