ԱՄՆ-ում սպանված են գտել Փիթսբուրգի համալսարանի պրոֆեսոր Բինգ Լյուին, որ Քովիդ-19-ի ուսումնասիրության հարցում «շատ կարևոր բացահայտման» շեմին էր գտնվում: CNN-ը, վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում է, որ նա սպանվել է հանգստյան օրերին: Պրոֆեսորի մարմինը հայտնաբերել են իր տանը՝ գլխին, պարանոցին, իրանին և վերջույթներին հրազենային վնասվածքներով:
Հետաքննության վարկածով՝ երկրորդ անձնավորությունը, որի ինքնությունը չի պարզվել և որին մահացած են գտել իր մեքենայում, կրակել և սպանել է Լյուին նրա տանը, այնուհետև վերադարձել մեքենայի մոտ և ինքնասպանություն գործել:
Ոստիկանությունը կարծում է, որ տղամարդիկ ճանաչել են միմյանց, սակայն բացառում է «Լյուի թիրախավորումը նրա չինացի լինելու պատճառով»:
Համալսարանից հայտնել են, որ պրոֆեսորը կանգնած էր SARS-CoV-2 վիրուսի հիմքում ընկած բջջային մեխանիզմների վերաբերյալ կարևոր հայտնագործություն անելու շեմին: