Պաշտպանության ոլորտում ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ, 2019-ն իրոք աննախադեպ էր մեր պաշտպանության համար, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: «Չորս հիմնական ուղղություններով մենք լրջագույն արդյունքներ ենք գրանցել՝ սպառազինություն, ինժեներական կառույցներ, սոցիալական ոլորտ և ռազմարդյունաբերություն:
Սպառազինություն. ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ձեռք է բերվել գերժամանանակից կործանիչ ավիացիա: ՀՀ զինված ուժերն առաջին անգամ հնարավորություն ունեն իրենց մարտական գործողությունները պլանավորելիս չունենալ հակառակորդի տարածքում որևէ անհասանելի կետ:
ՀՀ զինված ուժերն ավարտին են հասցրել եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը, և Ս300 համակարգերի հետ միասին՝ մեր ՀՕՊ միջոցներն ունակ են խոցելու հակառակորդի ցանկացած թիրախ», - ասաց պատգամավորը:
Նա շեշտեց, որ ինժեներական լուրջ աշխատանքներ են կատարվել առաջնագծում:
Ինչ վերաբերում է ռազմարդյունաբերությանը, Տիգրան Կարապետյանը նկատեց՝ Հայաստանը սեփական արտադրության զենք և սպառազինություն է ընդունում, ինչը մի քանի տարի առաջ հեռավոր երազանք էր թվում: