Պետության անվտանգության այսօրվա ռիսկերի և անելիքի մասին խոսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է. «Ոչ մի համաճարակ, ոչ մի հեղափոխություն, ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկել պատերազմի վտանգը, Ադրբեջանին չի ստիպել հրաժարվելու ռազմական ճանապարհով հաջողության հասնելու ցանկությունից: Պետական համակարգի և հասարակության զգոնության նկատվող թուլացումը որոշակի մտահոգություններ է առաջացնում։ Մեր պետության համար անվտանգության խնդիրը դեռևս շատ երկար ժամանակ մնալու է առաջնահերթ։ Սա փաստ է, որը պետք է ընդունենք որպես իրականություն, և մեր պետության զարգացումը պետք է կառուցվի այս փաստի մշտական գիտակցմամբ։ Նման սրությամբ անվտանգության խնդիրը Հայաստանի համար դատավճիռ չէ, անլուծելի բեռ չէ, այլ՝ իրողություն, որը վայրկյան անգամ չի կարելի մոռանալ։ Բայց, միևնույն ժամանակ, գրագետ ու հետևողական քաղաքականության
գործողությունների շնորհիվ կարելի է ռիսկերն էապես նվազեցնել ու կառավարել»։
Արթուր Վանեցյանն ասել է, թե կան սխալներ, որոնք կարող են էապես բարդացնել իրավիճակը, իսկ երբեմն՝ դառնալ ճակատագրական։
«Անթույլատրելի սխալների ցանկում ես կառանձնացնեի հետևյալ ուղղությունները.
Ա) արցախյան կարգավորման բանակցությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և դրանք փակուղի տանելը
Բ) անվտանգային համակարգի հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում օրեցօր նկատելի սառնությունն ու անվստահությունը
Գ) հասարակության պառակտման և բաժանարար գծերի քաղաքականությունը։
Իհարկե, կան շատ այլ գործոններ, որոնք ազդում են պետության անվտանգության մակարդակի վրա, և դրանք բոլորը կարևոր են։ Բայց վերը նշված երեք կետերն ուղիղ ազդանշան են հակառակորդին։ Միևնույն ժամանակ, ահազանգ են հանրության գիտակից շերտերին, պետական համակարգին, հասարակական-քաղաքական շրջանակներին» , - ասել է Վանեցյանը։ ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, թե պետության անվտանգությունը և կենսական խնդիրների համակարգը չեն կարող կախված լինել մեկ անձի հուզական պոռթկումներից կամ կամակորություններից։
«Պետք են քաղաքական, իրավական, բարոյական և ինստիտուցիոնալ հակակշիռներ, ամուր քաղաքացիական հասարակություն։ Կարևոր եմ համարում իշխանությունից դուրս, այսպես կոչված, «անվտանգության բարձիկների» ստեղծումը։ Խոսքը ոչ իշխանական շրջանակների և անձանց կոնսոլիդացիոն միտումների, որոշակի համակարգող կառույցների ձևավորման մասին է, որտեղ կլինեն մարդկային բարձր արժեքների տեր ազնիվ, սկզբունքային, գիտելիք և փորձ ունեցող անձինք։
Ինչ վերաբերում է հատկապես Արցախի հիմնախնդրին, կյանքն ապացուցեց, որ պետք է ունենալ համազգային տեսլական՝ հստակ ձևակերպված բանակցային սկզբունքներ, կարմիր գծեր, որոնք խախտելն անթույլատրելի է։ Սա պետությունը զերծ կպահի փոփոխվող իշխանությունների կոպիտ սխալներից ու սայթաքումներից և ամեն մի նոր իշխանության հեռու կպահի բանակցությունները «նոր կետից» սկսելու գայթակղությունից»,-նշել է Արթուր Վանեցյանը: