2019-ին չի արվել գոնե այն նվազագունը, որ մարդիկ ոստիկանության գոնե գոյությունից զգաստանան, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսնոյանը։
«Ոստիկանապետը կարող է գտնվել մի շենքում, բայց մարդիկ այդ շենքում որոշեն ինչ-որ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնել։ Սա նշանակում է, որ 2019-ին չի արվել գոնե այն նվազագունը, որ մարդիկ ոստիկանության գոնե գոյությունից զգաստանան», - ասաց Սամսոնյանը՝ հավելելով․
«Պարոն վարչապետ, ասում եք համակարգում կան դավաճաններ։ Դուք ունեիք տարբերակներ այդ հարցը լուծելու, օրինակ, կտրուկ շոկային փոփոխությունների պիտի ենթարկեիք համակարգը, հեռացնեիք դավաճաններին։ Դուք դա չեք արել։ Երկրորդ տարբերակն այն էր, որ Դուք կարող էիք դավաճաններին դարձնել նվիրյալներ, բայց հիմա Դուք աչքի տեղն էլ ունքն եք հանում։ Չեմ պատկերացնում, որ մի համակարգում, որտեղ Դուք շարունակում եք տարբեր հարթակներից փնտրել դավաճաններ և նվիրյալներ, այդ համակարգում մարդիկ պիտի աշխատեն և Ձեր ուզածով երկրի թալանածը հետ բերեն», - ասաց Սամսոնյանը։
Անդրադառնալով պարգևավճարներին՝ Սամսոնյանն ընդգծեց, որ չի հասկանում, օրինակ, թե ինչո՞ւ են մարզպետները պարգևավճար ստանում․ «Ստանում են պարգևավճար՝ կորկորդիլոս բուծելո՞ւ համար, համայնքի ղեկավարների վրա հոխորտա՞լու, թե՞ ներդրումային սպամներ անելու։ Այդ փողը իրավապահ համակարգին, ոստիկանությունն ու ԱԱԾ-ին տվեք, թող աշխատեն երկրի թալանածը հետ բերեն», - ասաց նա։
Պատգամավորն անդրադարձավ նաև վարչապետի խոստմանը՝ բարձրացնել պետական համակարգի աշխատավարձերը․ «Արդյոք դա առաջին հերթին շռայլորեն վերաբերում էր Ձեր հեղափոխական թիմին, որովհետև եթե նրանք եկել էին իշխանության և նրանց թվում էր՝ իշխանությունը քաղցր բան է, հիմա էդ հաբերը կուլ տալու համար Դուք նրանց պիտի ավելի շատ փող տաք։ Կներեք, բայց ես կարծում եմ՝ դա ազնիվ չի, պարոն վարչապետ»։
Սամսոնյանն ընդգծեց, որ դատական համակարգի բարեփոխումները ծախողվել են վարչապետի էմոցիոնալ չհավասարակշռված քաղաքականության պատճառով։
Պատգամավորը կոչ արեց կառավարությանը իր ձախողումների մեջ ոչ թե մեղադրել ընդդիմությանը, լրագրողներին և մնացածներին, այլ նախ իրենց մեջ փնտրել մեղավորներին։
«Դուք սիրում եք հեքիաթներ և այլաբանություններ։ Մի հեքիաթ կա, թագուհին կանգում է հայելու դիմաց և ասում է՝ «հայելի ջան, հայելի, ո՞վ է ամենագեղեցիկը», հիմա դուք այս ամբիոնը դարձրել եք այդ հայելին, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ հեքիաթն ամենգեղեցիկի մասին չէ, այդ հեքիաթն անինքնավստահության, մեծամտության և ինքնախաբեության մասին է։ Հարգելի իշխանություն, դուք ձեր վարքագիծը պիտի փոխեք», - հավելեց նա: