Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման և խոցելի խավերին օգնություն տրամադրելու հարցում Հռոմի Սրբազան եկեղեցու և անձամբ Ֆրանցիսկոս Պապի ջանքերի համար և ներկայացրել համավարակի դեմ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: Երկուստեք ընդգծվել է այսօր աշխարհում խաղաղության պահպանման, սպառազինման դադարեցման և ժողովուրդների միջև խաղաղության մշակույթի տարածումն ու խրախուսումը: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է Ֆրանցիսկոս Պապի համընդհանուր զինադադարի կոչը, ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման Հայաստանի հանձնառությունը ու նաև երախտագիտություն հայտնել Նորին Սրբությանը՝ հայ ժողովրդի ու պատմական արդարության կողքին մշտապես կանգնելու համար։ Նորին Սրբությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու երկրորդ տարին լրանալու կապակցությամբ: Նա մեծ գոհունակությամբ ընդգծել է Հռոմի Կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների միջև գոյություն ունեցող եղբայրական հարաբերություններն ու անսասան կապը, վերահաստատել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ կաթողիկե համայնքի դերակատարումը հայ ժողովրդի կյանքում: Երկուստեք ընդգծվել է երկկողմ միջպետական հարաբերությունների ընդլայնման պատրաստակամության մասին: