ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ԱԺ-ում ծեծկռտուքին և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որ իր գնահատմամբ՝ վարչապետի ելույթ չէր, իշխանության վերջն ազդարարող ելույթ էր: Մարուքյանը շնորհակալություն հայտնեց ԼՀԿ 80 000 ընտրողներին, որոնք մեկ ու կես տարի առաջ ատելության քարոզի մթնոլորտում չեն տրվել սադրանքների և ընտրել են իրենց: «Քանի որ դուք դա արել եք այս ահավոր պայմաններում, որ մենք աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, ձեր ձայնը հնչեցնել և բարձր պահել ՀՀ քաղաքացիների պատիվը, վստահությունը, այն ամենը ինչ տրվել է մեզ քվեարկության միջոցով: Ուզում եմ, օգտվելով առիթից, ցավակցել այն մարդկանց, որոնք հեղափոխության ուժին ձայն էին տվել այն իմաստով, որ կուսակցական լիդերից պետական հեղափոխության լիդերի են ձայն տալիս, բայց այսօր և վերջին դեպքերը ապացուցեցին, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ ուղղակի կուսակցության լիդեր: Այսինքն՝ կուսակցականներն ինչ սխալ անեն, պետք է պաշտպանի իր կուսակցության անդամներին, ինչը մենք ունեցել ենք նախկինում»,- ընդգծեց պատգամավորը: Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը: Նա ասաց, քանի որ քննարկվում էր կառավարության ծրագրի հաշվետվությունը և ինքը հնարավորություն չէր ունեցել ելույթ ունենար, երեկ ցանկացել է կենտրոնանալ վարչապետի ելույթի այն մասի վրա, որտեղ խոսքը գնում էր թալանը հետ չբերելու պրոբլեմին: Նա նշեց, որ ցանկանում էր միջոցներ առաջարկել, թե ինչպես դա արվի: Ըստ նրա երկրորդ կետով պետք է անդրադառնար, թե ինչպես երկրում գտնեն համերաշխություն:
«Բայց ինչ եղավ, ինձանից առաջ խոսում էր Բաբկեն Թունյանը և նա ամբիոնից օգտագործեց սրիկա և մի շարք այլ ձևակերպումներ, կեսը մեզ նայելով, կեսը մեզ չնայելով ու բողոքում էր, որ իր հեռախոսահամարը տվել են, ինչ-որ մարդիկ իրեն են զանգում: Մենք ասում էինք՝ պարոն Թունյան, Դուք եք ամբիոնից համարը հնչեցրել, որից հետո 120 զանգ ես ստացել, 120 զանգ ստանալուց հետո ինքը ջղայնացել է, ես դրան էի անդրադառնում ու իր ձևակերպումներին: Համերաշխության պահով եկել էի ամբիոնի մոտ»,- ասաց նա: Պատգամավորը պատմեց, թե ինչպես է տեղից արձագանքել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որ տեսանյութերից երևում է՝ ցանկացել էր շիշ նետել իր վրա, ասում էր. «Գլուխդ կցխեմ՚, ես էլ իրեն էի պատասխանում, որովհետև մեզ հետ այդպես խոսել՝ նշանակում է 80 000 մարդու հետ խոսել այդ ձևով: Խորհրդարանական մշակույթ չէ, ընդհանրապես նման վիրավորանքներ հնչեցնել: Սասուն Միքայելյանը տեղից վեր կացավ եկավ առաջ, մտածեցի՝ ես էլ գնամ առաջ, որովհետև չէի ուզում ամբիոնի մոտ ինձ մոտենա, չնայած՝ չեմ հաշվարկել, որ կխփի, բայց կարծում էի կհրի, ցած կընկնեմ ամբիոնից: Իջա, որ գնամ ընդառաջ, ձեռքերը պահեմ, ասեմ նստի տեղդ, թող ելույթ ունենամ»,- մանրամասնեց նա: Նա ասաց, որ եթե պատկերացներ, որ կխփի, հեշտությամբ կարող էր ձեռքը պահել: «Բայց հանկարծակիի եկա, չհասցրեցի անգամ գլուխս թեքեմ, Սասուն Միքայելյանն ինձ խփեց, որից հետո պատգամավորները մտան մեր արանքը, այդ ընթացքում հասցրեցի ոտքով ես էլ խփեցի և պատգամավոր Արտակ Մանուկյանը մեջքից գլխիս խփեց, դա թույլ հարված էր, Սասուն Միքայելյանի հարվածն էլ ուժեղ չէր, բայց դրանից հետո Վահե Ղալումյանը հարվածեց, որն ամենաուժեղ հարվածն էր: Դրա համար բարձացա ամբիոն, ասացի՝ հետևից խփում եք և ասացի՝ ինչքան էլ ծեծեք, ես խոսելու եմ»,- ներկայացրեց նա:
Նա պատմեց, երբ ընդմիջում հայտարարեց էլի իրեն քաշքում էին տարբեր կողմերից և այդ ժամանակ ԱԺ նախագահն իրեն տարել է իր կաբինետ: «Գնացինք նրա կաբինետ, Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր: Այն Նիկոլ Փաշինյանին, որին տեսել եք ելույթում, լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր, կաբինետում լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան էր: Այնտեղ ես ու Նիկոլ Փաշինյանն իր հեռախոսով նայեցինք տեսանյութը, ինքն ինձ էնտեղ հարցրեց՝ բա ո՞նց եղավ, թե Արարատ Միրզոյանն ասաց՝ ամբիոնի մոտից ինչի էս կողմ եկար»,- նշեց նա:
Հետո, ըստ Մարուքյանի՝ վաչապետն ասել է զանգեր ունի, հետո հետ կգա: «Մենք գնացինք մեզ մոտ, որից հետո տեսանք բրիֆինգներ, որ մարդիկ ասում էին՝ մեզ սադրում են, նախկին ռեժիմի մնացրոդներ են ասում: Ես սպասում էի կդատապարտեն ժողովրդավար իշխանությանը, վարչաետին հարիր հայտարարություն կլինի, բայց ոչ մի բան: Մենք որոշում կայացրեցինք, որ պետք է պահանջենք քաղաքական հետևանքներ: Սա քաղաքական հարց է՝ խորհրդարանում խփել են խմբակցության ղեկավարի, նման բան չի եղել ՀՀ պատմության մեջ, սրանից արատավոր բան ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինի ՀՀ-ում»,- ասաց նա: