Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երուսաղեմի Հայոց Ցեղասպանության արխիվն՝ Օսմանյան Կայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան

Երուսաղեմի Հայոց Ցեղասպանության արխիվն՝ Օսմանյան Կայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան
10.05.2020 | 01:53

Երուսաղեմի Հայոց պատրիարքության Հայոց Ցեղասպանության արխիվում պահվում է իր ծավալով, թերևս, ամենամեծ հավաքածուն։ Ութ տասնամյակ արխիվը փակ է եղել, և միայն սակավաթիվ մասնագետներ են կարողացել մասնակի ուսումնասիրություններ կատարել:

Արխիվում գիտահետազոտական աշխատանքներ իրականացրած, թուրքագետ Լուսինե Սահակյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Ասպարեզ»-ին հարցազրույցում: «Արխիվի ստեղծումից 100 տարի անց Նուրհան արք. Մանուկյան պատրիարքի նախաձեռնությամբ, բարձր հովանավորությամբ եւ օրհնությամբ,՝ Երևանի պետական համալսարանի ղեկավարության և ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) տնօրինության համաձայնությամբ, ես՝ որպես նույն ինստիտուտի հայ-օսմանական առնչությունների բաժնի ղեկավար, և իմ գործընկերը՝ օսմանագետ Անի Սարգսյանը, 2017-ից, չորս այցելությունների ընթացքում կարողացել ենք դասակարգել 11 տուփ արխիվի խառնիխուռն էջերն ու լուսապատճենել 25 000 էջ։ Վավերագրերի մեծ մասը ձեռագիր է` գրված արևմտահայերեն, հայատառ թուրքերեն, օսմաներեն, անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն։ Սա բավական բարդ և ժամանակատար աշխատանք է, քանի որ գրությունները տարբեր ձեռագրերով են, և երբեմն համառոտ նկարագրություն կազմելու համար անհրաժեշտ է լինում կարդալ 30-40 էջանոց վավերագիր։ Մեր խմբում ընդգրկված են նաեւ այլ մասնագետներ, նրանց հետ քննարկում ենք մեր աշխատանքները և խորհրդակցում։ Այժմ ընթանում են այդ թղթածրարների ցուցակագրման աշխատանքները։ Ցուցակների ժողովածուները հրատարակելու համար արդեն ձևավորվել է խմբագրական խորհուրդ»,-նշել է նա:


Լուսինե Սահակյանը նշել է, որ արխիվի ամբողջական պատկերը կներկայացնեն համալիր քննությունից հետո, երբ ավարտվեն ցուցակագրման աշխատանքները, առաջին երեք տուփերի թղթածրարների մասին շուտով լույս կտեսնի պատրաստված ծավալուն հոդվածը։
«Եթե ընդհանուր գծերով բնութագրենք արխիվը, Հայոց Ցեղասպանության և Հայկական հարցի բացառիկ մի ժամանակագրություն է, որն ընդգրկում է 1911-1922-ը, ամբողջությամբ Օսմանյան կայսրության համակարգված ցեղասպան քաղաքականության վկայարան` ամրագրված կնիքներով, համարակալումներով և ստորագրություններով։ Տեղեկատու դիվանի անխոնջ աշխատանքի արդյունքում հավաքվել են վավերագրեր Հայոց Ցեղասպանության մանրամասների՝ գլխավոր կազմակերպիչների, հայերի կոտորածների, թալանի, ունեզրկման, մարդկանց առևանգումների, դատական հայցադիմումների և Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության արձագանքների ու համապատասխան հանձնարարականների և այլնի մասին։ Բազմաթիվ էջեր են կազմում ականատեսների վկայությունները: Կան արևմտյան պաշտոնյաներին ուղղված տեղեկագրեր, վիճակագրական զանազան ցանկեր, զեկույցներ, որոնք մանրամասնորեն ներկայացնում են հայ ժողովրդի ծանր կացությունը Հայոց Ցեղասպանությունից առաջ և հետո»,-նշել է նա:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ