Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նշել է, որ եթե այս միտումը պահպանվի, մայիսի 24-ին կունենանք մոտ 6350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 700 դեպք: «Իհարկե, կունենանք նաև կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր և դժբախտաբար նաև մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը և մայրերը, մեր տատիկներն ու պապիկները (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և այն):
Այս ամենը շեշտում եմ, որ վերհիշենք մեր անփոփոխ օրակարգը` պահպանել բոլոր սահմանված կանոնները և դանդաղեցնել վիրուսի տարածումը», - գրել է Արսեն Թորոսյանը: Նախարարն ընդգծել է, որ ստիպված ենք լինելու դեռ երկար ժամանակ պահպանել բոլոր կանոնները: