Լոնդոնում այսօր, զգալիորեն ակտիվացել է մարդկանց և տրանսպորտի տեղաշարժը: Պատճառը կառավարության երեկ հրապարակված որոշումն էր, որի համաձայն՝ թեև կարանտինային միջոցառումների մեծ մասը շարունակում է ուժի մնալ, սահմանափակումները որոշակիորեն մեղմվում են: Նախօրեին հնչեցրած ուղերձում վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց՝ կառավարության թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ մարդկային կյանքերի փրկությունն ու Ազգային առողջապահական համակարգի (NHS) վրա ճնշման թուլացումը: Ըստ Ջոնսոնի, այսօրվանից արդյունաբերության և շինարարության ոլորտներում ներգրավվածներին «ակտիվորեն խրախուսելու են վերադառնալ աշխատանքի»:
Մայիսի 13-ից երկրի բնակիչներին դրսում մարզվելու, զբոսայգիներ այցելելու, ավտոմեքենաներով այլ բնակավայրեր ուղևորվելու ավելի լայն հնարավորություն կտրվի: «Սրան զուգահեռ, սակայն, սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Դրա խախտման համար սահմանված տուգանքների չափը մեծացվելու է», - հայտարարել է Բորիս Ջոնսոնը: