Ճիշտ չէ, որ ՄԻՊ-ը մեկնաբանի վարչապետի ելույթը, որովհետև այն քաղաքական ելույթ էր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած հայտնի միջադեպին հետևած վարչապետի ելույթին:
«Պարզապես, ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ կան կանոններ, որոնք չափազանց կարևոր են խորհրդարանում աշխատանքի առնչությամբ: Կանոնները վերաբերում են բոլորին և հատկապես կարևոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա ներկայացուցիչների համար», - ասաց նա:
Թաթոյանի խոսքով՝ վիրավորանքը պատասխան վիրավորանք և լարվածություն է ծնում՝ ընդհուպ բռնություն: «Ինձ համար կապ չունի՝ իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի: Եթե կա բռնության սպառնալիք, վիրավորանք, ինձ համար դա դատապարտելի է: Ավելին՝ որքան բարձր է մարդու կարգավիճակը, այնքան մեծանում է պատասխանատվությունը», - ասաց ՄԻՊ-ը: