Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Նա հայտնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13․140 դիմում-բողոք է ստացել և 2019 թվականը ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի: «Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե երեք անգամ, իսկ 2020 թ. արդեն իսկ առավել ծանրաբեռնված է. այս տարվա առաջին չորս ամիսների միայն դիմումներն ու բողոքները 75 %-ով գերազանցում են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված դիմումների ու բողոքների թիվը»,- ասաց նա:
Պաշտպանն անդրադարձավ նաև ՀՀ դատական համակարգին և նշեց, որ համակարգում դատավորների արտաքին ու ներքին անկախության, դատարանի նկատմամբ մարդկանց վստահության պակասի, կոռուպցիոն ռիսկերի և այլ հարցերի հետ կապված խնիդրներ կան:
«Բողոքների և դատական պրակտիկայի դիտարկումները վկայում են, որ առանձին դատավորներ նույնիսկ իրենց վարքագծով վնասում ու ստվերում են դատական համակարգի հեղինակությունը, իսկ այս ամենը չքաղած դասերի հետևանքն է։ Տարիների ընթացքում ոլորտի խնդիրներին պատշաճ ուշադրություն չի դարձվել»,- ընդգծեց Արման Թաթոյանը։