«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի դեմ հնչող կարծիքներն ու ապատեղեկատվությունը լավագույն օրինակ է, որ կառավարությունը չի իրականացրել իրազեկման բավարար աշխատանքներ: Այս մասին Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Եթե կառավարությունն իրազեկման աշխատանքներ չի իրականացնում ճիշտ ուղղությամբ, պարզ է, որ այդ վակուումը լցվելու է ապատեղեկատվությամբ: Այս կոնվենցիան այն օրինակներից էր, որը ցույց տվեց, որ հաջորդ նման իրավիճակներում պետք է իրազեկման աշխատանքներ իրականացնենք»,- ասաց նա: Ըստ պաշտպանի՝ պետք է ուղեցույցներ լինեն, թե իրավապահ մարմիններն ինչպես պետք է քննեն երեխաների նկատմամբ սեռական բռնության գործերը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն անդրադարձավ կոնվեցիայի շուրջ ստեղծված աղմուկին: «Ես ուզում եմ մենք արձանագրենք, որ այս կոնվեցնիան որևէ կերպ դեմ չէ ընտանիքին և չի ստեղծում ընտանիքի նոր մոդել: Հանրության մեջ հազար ու մի որակումներ ստացավ, հիմա էլ ասում են, որ այն նպատակ է հետապնդում դպրոցներում քարոզելու այլասերություն կամ միասեռականություն: Ես չգիտեմ՝ կոնվենցիայի որ դրույթը կարդալով են մարդիկ եկել այդ եզրահանգման, բայց մեծ ափսոսանք եմ հայտնում, որ նման տեսակետ են հայտնում նաև մասնագիտական համայնքի ներկայացուցիչները և այն կառույցի ղեկավարը, ով կոչված է իրավապաշտպան գործունեություն իրականացնելու»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ ցավալիորեն հանրությունը հավատում է այդ տեսակետներին:
Արման Թաթոյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի 47 պետությունների թվում կոնվենցիան չի վավերացրել Իռլանդիան, չէր վավերացրել նաև Հայաստանը: «Ցանկացած միջազգային պայմանագիր, որը վավերացվում է, չի կարող հակասել ՀՀ սահմանադրությանը, այլապես վավերացումը տեղի չի ունենա: Ես հույս ունեմ, որ այդ կոնվենցիան կնպաստի հատկապես այս քրեական գործերի մեխանիզմների կատարելագործմանը»,- հավելեց պաշտպանը: