Այսօր մարդկանց, ինչու ոչ՝ նաև պաշտոնյաների ընկալման մեջ կա իներցիա, այսինքն՝ իներցիա նախկին իշխանության տրամաբանության մեջ՝ Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այսինքն՝ այն, որ իշխանությունը բռնարար էր, իշխանությունը միշտ պատրաստ է ճնշել. այս իներցիան, ցավոք սրտի, դեռ մնացել է որոշ մարդկանց ենթագիտակացության մեջ։ Առաջ ընդդիմադիր գործիչը, եթե սեռական բնույթի հայհոյանք հնչեցներ այս դահլիճում, այնքան կծեծեին, որ էշին քեռի կասեր։ Առաջ, եթե ընդդիմադիր գործչի եղբայրը երկրի ղեկավարի նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ, ծաղրանքներ թույլ տար, ռեստորանում կծեծեին ու իր քաղաքական գործիչ եղբայրը կգնար հանդիպման երկրի ղեկավարի հետ, որպեսզի պայմանավորվեր այդ հարցը լուծելու համար»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը կարևորեց, որ նման բարքեր այլևս չկան: «Ավելին՝ այսօր իշխանությանը ներկայացված 3 վերջնագիր կա՝ տարբեր խմբագիրների կողմից»-ասաց նա: Նա նշեց, որ եթե քաղաքական գործիչներին օրենքով պաշտպանելն արգելված է, ո՞վ է պաշտպանելու ուղիղ եթերների ժամանակ քաղաքական գործչի կնոջը, մորը, դստերը, որոնց նկատմամբ հնչում են սեռական վիրավորանքներ, սպառնալիքներ։ «Այս հարցին պատասխան եմ ուզում ստանալ, ուզում եմ ստանալ նաև մեզ համար։ Գիտեք՝ ընտրվել է ամենահետաքրքիր ու ամենաստոր մարտավարությունը, որը, ժողովրդավարական ձևով ասած, շառ անելու մարտավարություն է։ Այսինքն՝ գալ, հրահրել, հաճախ թաքնվել սեռական պատկանելության տակ, ընդդիմություն լինելու տալ ու անել լկտիություններ, քողարկված ծաղրել, բաց ծաղել։ Այս ամենից հետո գալ ու ասել՝ ինչքան էլ մեզ ծեծեք, մենք չենք լռելու, իսկ դուք ում եք պետք, որ մենք ձեզ ծեծենք, կամ էդ ում ենք մենք ծեծել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը կոչ արեց, որ մարդիկ, որոնք որևէ կապ չեն ունեցել հեղափոխության հետ, իրենց չսովորեցնեն, թե ինչպես պահել հեղափոխության արժեքները։ «Միակ բանը, որ ես ակնկալում եմ այն է, որ Էդմոն Մարուքյանը, Անի Սամսոնյանը և ևս մի քանի չակերտավոր քաղաքական գործիչներ ներողություն խնդրեն ՀՀ քաղաքացիներից, ինձնից, ձեզնից և Սասուն Միքայելյանից, այլ տարբերակ չկա, չի կարող լինել»,-հավելեց նա: