Ալեն Սիմոնյանն ու Սասուն Միքայելյանը շահարկում են իրենց սրբություններին, այսինքն՝ իրենց մայրերին, իրենց գործած սխալների համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ինքը չի շահարկել ծնողներին, այլ խոսել է կոնկրետ մարդու մասին։
«Նախ՝ Ալեն Սիմոնյանին պիտի ասեմ, որ ինչ ասել եմ ուղղված է կոնկրետ Ձեզ՝ Ալեն Սիմոնյան անձին, որովհետև Դուք ձեր ամբողջ քաղաքական վաստակն անբարոյականությամբ եք վաստակել։ Պատրաստ եմ Ձեր մոր ձեռքը համբուրել, պատրաստ եմ գնալ Ձեր հոր՝ Ռոբերտի գերեզմանին ծաղիկներ դնել», - ասաց նա։ Մարուքյանն ընդգծեց, որ մեկուկես տարի Ալեն Սիմոնյանը հայհոյել է ԼՀԿ-ին, հետևաբար հիմա ստացել է պատասխան։ Անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարություններին, որ Մարուքյանի եղբայրը հայհոյել է իր մորը, նա ասաց, որ եղբայրը չի հայհոյել մորը։
«Իմ եղբայրը ձեր մորը չի կպել։ Իմ եղբայրը վատ բաներ է ասել այն մարդու հասցեին, ով որ իմ վիզը կկտրի։ Եթե Դուք իմ վիզը կտրողն եք, ուրեմն Ձեզ է վերաբերում, եթե չէ, ինչո՞ւ եք Ձեր վրա վերցնում», - ասաց Մարուքյանը։
Նա կոչ արեց Սասուն Միքայելյանին չսպառնալ ԵԿՄ-ով և ազատամարտիկներով՝ ասելով, որ այն օրը, երբ իրեն Միքայելյանն ԱԺ-ում հարվածել էր, իրենց մի շարք աջակիցներ եկել էին խորհրդարանի մոտ հաշվեհարդար տեսնելու, ինքը թույլ չի տվել։ Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարություններին, որ ԼՀԿ պահվածքը ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո փոխվեց՝ Մարուքյանը կոչ արեց Հրազդանում Սասուն Միքայելյանի ապօրինի գույքը հայտարարագրել։ «Հիմնավորեք նաև, թե 2003-ին Ռոբերտ Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ եք արել, նոր կխոսանք։ Հա, մոռացա Ալեն Սիմոնյանին ասեմ՝ Խաչատուր Սուքիասյանի ամբողջ գույքն էլ պիտի ստուգվի ծայրից ծայր», - ասաց նա: