Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի թշնամիներին թվարկելիս չի մոռացել հայկական լոբբիի մասին։
Նա անդրադարձել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքին, որ ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա է դառնում։ ԱՇԿ-ն «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևն է, կուսակցությանն ուղղակիորեն ենթակա «Գաղափարական օջախներ» կոչվող կազմակերպությունների միջոցով Թուրքիայի բոլոր նահանգներում թշնամական տրամադրություններ է տարածում «ներքին և արտաքին թշնամիների», այդ թվում ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ։ Էրդողանը նշել է, որ էլ ավելի են ամրապնդելու ԱՇԿ-ի հետ դաշինքը և «շարունակելու են համատեղ ընթացքը՝ հակառակ Թուրքիայի վրա բոլոր հարձակումներին ու իրենց թիրախավորող բոլոր խմբերի դավադրություններին»։ Նա շեշտել է. «Շարունակելու ենք մեր սահմաններին ուղղված սպառնալիքներն ու ոտնձգությունները հետ մղել, ահաբեկչական կազմակերպություններին ու Թուրքիայի դեմ թշնամություն տարածողներ ուժերին խեղդել իրենց բներում։ Մինչև վերջ պաշտպանելու ենք մեր իրավունքները Միջերկրական ծովում, Կիպրոսում, Էգեյան ծովում։ Դաշտը չենք թողնելու FETÖ-ին (գյուլենական կազմակերպությունններ, որոնք Թուրքիայում ահաբեկչական են հռչակված), PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն), հայկական ու հունական լոբբիներին, թշնամություն տարածող Պարսից ծոցի չար ուժերին»։