ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է մայիսի 12-ի առավոտյան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում, գրում է news.am-ը: Նրա առողջական վիճակի վերաբերյալ կայքը զրուցել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։
«Վիրահատությունը, բարեբախտաբար, լավ է անցել, և հիմա նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։ Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին 6 ամսում սա արդեն երրորդ վիրահատությունն է՝ կապված առողջական նույն խնդրի հետ, և կան հստակ ցուցիչներ, որ հիվանդությունը, որի պատճառով նախագահը վիրահատվում է, առաջացել է հենց բանտարկության ընթացքում:
Ռոբերտ Քոչարյանը, ըստ մասնագետների, ապահոված չի եղել բավարար պայմաններով՝ առողջությունը լիարժեք վերականգնելու համար. ամեն հերթական անգամ նրան թույլ չի տրվել ամբողջովին ավարտել ռեաբիլիտացիոն շրջանը բուժհաստատությունում: Փաստորեն, նա զրկված է եղել հիվանդության հետևանքները համապատասխան պայմաններում հաղթահարելու հնարավորությունից: Չեմ ուզում հիմա հայտարարել, թե սա նախագահի առողջությանը վնասելու միտված գործողությունների արդյունք է, բայց հակառակն էլ չեմ կարող հայտարարել», - news.am-ին ասել է Վիկտոր Սողոմոնյանը: