Խորհրդարանում տեղի ունեցածը հետևանքներ է ունենալու, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ուրբաթ օրը իր ու Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին ու հաջորդած հայտարարություններին։
«Դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր պրոցեսների վրա՝ մարդկանց խոսքի ազատության, ընդդիմադիր խոսքի վրա։ Այդ առումով՝ սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց դրանով իշխանությունը նաև դրեց իր վերջի սկիզբը, որովհետև մի իշխանություն, որն արդարացնում է բռնությունը, այն էլ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ», - ասաց Մարուքյանը։ Նա ընդգծեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքում հնչող սպառնալիքներին, ինչը բերում է ավելի թեժ սպառնալիքների։ Նրա խոսքով՝ օրեցօր սպառնալիքներն ավելանում են, թեժանում ու նաև արդեն հնչում են զինված սպառնալիքների տեսքով:
«Վարչապետը շարունակում է չդատապարտել ու էդ ամեն ինչը սրվում ա։ Ես տեսա արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնվում, դատապարտում են ինձ և այլն, և այլն։ Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական և հիշում, որ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին։ Նրանք էսօր ինձ դատապարտում են, իբր պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանության կարիքը չունի, այդ թվում՝ մեզնից», - ասաց Մարուքյանը: