Նորընտիր խորհրդարանի ձևավորման կարևոր գործընթացից առաջ այսօր՝ ընդամենը կես ժամ հետո, Շուշիի մշակույթի պալատում իմ գլխավորած դաշինքի անդամ կուսակցությունների պատասխանատուների մասնակցությամբ արտահերթ ընդլայնված նիստ ենք հրավիրել՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:
«Ավելի քան 250 պատվիրակներով բաց ու թափանցիկ պայմաններում քննարկում կիրականացնենք, ապա փակ գաղտնի քվեարկությամբ կորոշենք, թե «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորության մանդատ ստացածներից ովքեր են առաջադրվելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնի և մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի համար: Սա մեր կողմից ներդրվող բոլորովին նոր քաղաքական մշակույթ է: Կարծում եմ՝ ժողովրդավարության հասունության աստիճանն Արցախում թույլ է տալիս մեզ նման համարձակ քայլ կատարել: Որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ՝ ես ընդունում եմ կառավարման գործում սկզբունքային փոփոխությունների հանրային պահանջը՝ միանձնյա որոշումների, անձնական նախասիրությունների, այս կամ այն գործչի նկատմամբ ունեցած համակրանքի փոխարեն: Արդյունքների մասին տեղյակ կպահենք նիստի ավարտից անմիջապես հետո»: