ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա, որպեսզի հետաձգի կորոնավիրուսի բռնկման սկզբում վարակի մասին հրապարակային նախազգուշացումները, ասված է նոր զեկույցում, գրում է Daily Mail-ը։ ԿՀՎ-ի զեկույցում ասվում է, որ Չինաստանը սպառնացել է կորոնավիրուսի հետաքննության հարցում դադարեցնել համագործակցությունն ԱՀԿ-ի հետ, եթե կազմակերպությունը կորոնավիրուսի տարածումն առողջապահության ոլորտում գլոբալ արտակարգ իրավիճակ հայտարարի։ Ենթադրյալ սպառնալիքները Չինաստանը հնչեցրել է հունվարին, երբ վիրուսն ամբողջ աշխարհում աննկատ էր տարածվում, մինչդեռ Չինաստանը կուտակում էր ԱՄՆ-ում և այլ երկրներում արտադրված բժշկական սարքավորումների և պաշտպանական միջոցների պաշարներ։ Սա արևմտյան հետախուզության արդեն երկրորդ զեկույցն է, որում Չինաստանին մեղադրում են ԱՀԿ-ի վրա ճնշում գործադրելու համար։
Der Spiegel-ը հայտնել էր, որ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսին խնդրել է չհայտնել կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման մասին և համավարակ չհայտարարել։ Պարբերականը հղում է կատարել Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայությանը, որը, սակայն, հրաժարվել է այդ մեկնաբանություններից։
Der Spiegel-ը պնդել է, որ հետախուզությունը եկել է այն եզրակացությանը, որ Չինաստանի տեղեկատվական քաղաքականության պատճառով աշխարհը 6 շաբաթ է կորցրել կորոնավիրուսի դեմ պայքարում։
ԱՀԿ-ն «կեղծ լուրեր» է որակել լրատվամիջոցների տարածած տեղեկությունները՝ նշելով, որ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հունվարի հեռախոսազրույցի մասին գերմանական թերթի հաղորդագրությունն «անհիմն է և չի համապատասխանում իրականությանը»։
ԱՀԿ-ն իր հրապարակած հաղորդագրությունում նշել է, որ Գեբրեյեսուսը և Չինաստանի նախագահը «երբեք հեռախոսով չեն խոսել»՝ հավելելով, որ նման ստահոդ հաղորդագրությունները խանգարում են COVID-19 համավարակը դադարեցնելու ուղղությամբ ԱՀԿ-ի և ամբողջ աշխարհի ջանքերին։