Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի մեկ օրում գրանցված դեպքերի աննախադեպ բարձր թիվ՝ 180: Կեսօրից հետո շրջելով Երևանի փողոցներում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ արտակարգ դրության երկարաձգումը անխուսափելի է, միայն թե սահմանափակումների ռեժիմը կմեղմացվի։
Մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը պետք է ավարտվի վաղը՝ 17։00-ին, և երկարաձգվելու պարագայում Հայաստանը, փաստորեն, թևակոխելու է արտակարգ դրության երրորդ ամիսը։ «Արտակարգ դրությունը չշարունակելու տարբերակ չունենք մենք ուղղակի, բայց սահմանափակումների ռեժիմն ուրիշ կլինի, ավելի մեղմ կլինի: Այսօր առավոտ խորհրդակցություն ենք ունեցել, թե ինչ պետք է անենք, պետք է, այո, խստացնենք միջոցները` կորոնավիրուսի պայմաններում բնականոն կյանքով ապրելու: Եթե պարզվի, որ պետք է դիմակ կրելը փակ տարածքներում պարտադիր լինի, պետք է պարտադիր լինի: Բայց չենք կարող կիսատ կյանքով ապրել, պետք է լիարժեք կյանքով ապրենք, ինչը չի նշանակում, որ պետք է անկաշկանդ բոլորս վարակվենք և վարակենք ուրիշներին»,- ասաց վարչապետը:
Որ համաճարակի պայմաններում անվտանգության կանոնները չեն պահպանվում, առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարծես կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից դուրս է մնացել.«Արդեն մի քանի օր հարյուրից ավելի կորոնավիրուսային դեպքեր են արձանագրվում, սիրելի՛ հայրենակիցներ, ինչը նշանակում է` հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի, համատարած կերպով չեն պահպանվում»: